Մհեր Գրիգորյանը Լոուրենս Մերեդիթին է ներկայացրել Կառավարության ծրագրերի շրջանակներում առաջնային նախագծերը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթին:
Հանդիպմանը ներկա էին նաև ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Եվրոպական ներդրումային բանկի՝ Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրան, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեն:
Հանդիպման սկզբում զրուցակիցները բարձր գնահատեցին ս.թ. հոկտեմբերի 6-ին Կառավարությունում կայացած ընդլայնված կազմով ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ներքո Հայաստանին տրամադրվելիք 2.6 մլրդ եվրո աջակցության փաթեթի շուրջ աշխատանքային քննարկումը և ընդգծեցին առաջարկվող ծրագրերի իրականացման ուղղությամբ կոնկրետ քայլերի անհրաժեշտությունը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԵՄ գործընկերներին ներկայացրեց Կառավարության կողմից առաջարկվող ծրագրերի շրջանակներում առաջնային նախագծերը, որոնք վերաբերում էին Հյուսիս-հարավ մայրուղուն, ՓՄՁ-ներին աջակցությանը, կրթության հասանելիությանը և Երևան քաղաքի զարգացմանը: Փոխվարչապետը կարևորեց ԵՄ-ի ներգրավվածությունն այս առանցքային ուղղություններով բարեփոխումների իրականացման գործընթացում, այդ թվում նաև՝ ԵՄ լավագույն փորձի օգտագործման հնարավորության տեսանկյունից:
Կողմերը պայմանավորվեցին մյուս ամսվա ընթացքում հանդիպել Բրյուսելում՝ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը քննարկելու նպատակով:
Կարծիքներ