ԱՄՆ-ն և ԵՄ-ն քննարկել են դեպի Եվրոպա գազի մատակարարման հարցը
Ապրիլի 28-ին Վաշինգտոնում տեղի է ունեցել ԱՄՆ-ԵՄ էներգետիկ անվտանգության համատեղ խմբի հանդիպումը, որի ժամանակ քննարկվել է առաջընթացը դեպի Եվրոպա մատակարարումների դիվերսիֆիկացման և բնական գազի պահանջարկի կրճատման ուղղությամբ: Այս մասին ասվում է խմբի հայտարարության մեջ, որը տարածել է Սպիտակ տունը։
«Միացյալ Նահանգների պետքարտուղարի ավագ խորհրդական Ամոս Հոքսթինի և Եվրահանձնաժողովի նախագահի կաբինետի ղեկավար Բյորն Զայբերտի գլխավորությամբ կայացած հանդիպման ընթացքում քննարկվել է Եվրոպա բնական գազի մատակարարումների դիվերսիֆիկացման և Եվրոպայում բնական գազի պահանջարկի կրճատման առաջընթացը», – ասվում է հայտարարության մեջ:
Կողմերը քննարկել են նաև «ԵՄ երկրների կողմից էներգառեսուրսների համատեղ գնումների հարթակի» գործունեության հարցը, հեղուկացված բնական գազի լրացուցիչ մատակարարումների պլանները, ինչպես նաև էներգաարդյունավետության տեխնոլոգիաները։
Հանդիպման արդյունքում ԱՄՆ-ը և ԵՄ-ն պայմանավորվել են խմբի նոր հանդիպում անցկացնել հունիսին։ Առաջիկայում խմբի աշխատանքները կշարունակվեն տեխնիկական մասնագետների մակարդակով։
ԱՄՆ-ը և ԵՄ-ն համատեղ խումբը ստեղծել են մարտին՝ Եվրոպայի կախվածությունը ռուսական էներգակիրներից նվազեցնելու նպատակով:
Կարծիքներ