Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլին ձերբակալելու փորձը ձախողվել է
Հարավային Կորեայում իշխանությունից հեռացված նախագահ Յուն Սոկ Յոլին ձերբակալելու փորձը ձախողվել է՝ նրա թիկնազորի և աջակիցների դիմադրության պատճառով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ձերբակալության գործընթացը, որը տևել է ավելի քան հինգ ժամ, չի ավարտվել հաջողությամբ։
Հարավային Կորեայի կոռուպցիայի հետաքննության վարչությունը տեղեկացրել է, որ Սեուլի նախագահական նստավայր են ներխուժել մոտ 150 ոստիկաններ և քննիչներ՝ ձերբակալման օրդերը կատարելու նպատակով։ Սակայն նրանք հանդիպել են թիկնազորի և նախագահի հազարավոր աջակիցների դիմադրությանը, որոնք արդեն մի քանի օր է՝ ճամբարում են նստավայրի տարածքում՝ խոստանալով թույլ չտալ նրա ձերբակալությունը։
Գլխավոր դատախազը, հաշվի առնելով մարդկանց անվտանգության հարցերը, որոշում է կայացրել դադարեցնել օրդերի կատարումը։ Այնուամենայնիվ, ձերբակալման օրդերը, որը ուժի մեջ է մինչև հունվարի 6-ը, կարող է երկարաձգվել։
2024 թվականի դեկտեմբերի 3-ին Յուն Սոկ Յոլն իր պաշտոնավարման ընթացքում բյուջեի քվեարկության ձախողման ֆոնին երկրում ռազմական դրություն էր հայտարարել։
Նա պլանավորել էր բյուջեն հաստատել առանց խորհրդարանի մասնակցության, սակայն պատգամավորները կարողացել են չեղարկել ռազմական դրության որոշումը՝ շրջանցելով հատուկ ծառայությունների և զինվորականների դիմադրությունը։ Հարավային Կորեայի նախագահին արգելված է լքել երկիրը։ Նրա դեմ հարուցվել է ապստամբության հատկանիշներով քրեական գործ՝ արտակարգ դրության հայտարարումը և դրանից բխող հետևանքները ներառյալ։
Կարծիքներ