Արարատի մարզում «Երեխաների քաղաքի» կառուցման համար կառավարությունը հողամասեր հատկացրեց

Արարատի մարզում «Երեխաների քաղաքի» կառուցման համար կառավարությունը հողամասեր հատկացրեց

Արարատի մարզում կկառուցվի «Երեխաների քաղաք» ստեղծարար կենտրոն:

ՀՀ կառավարությունը հունիսի 17-ի նիստում հավանություն տվեց համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը նվիրաբերությամբ տրամադրելուն համաձայնություն տալու մասին որոշման նախագծին:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը նախագիծը ներկայացնելիս ասաց.  «Որոշման նախագծով առաջարկվում է հավանություն տալ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը նվիրաբերությամբ տրամադրելու վերաբերյալ Արարատի մարզի երկու համայնքների՝ Շահումյանի և Տափերականի ղեկավարների առաջարկությանը: Նախագծի բովանդակությունը պայմանավորված է «Հայկական կարիտասի» կողմից նախաձեռնած «Երեխաների քաղաք» (ստեղծարար կենտրոն) ծրագրի իրականացմամբ»,- ասաց Տերտերյանը:

Նա հավելեց, որ խոսքը վերաբերում է Շահումյանում 14.9 հա մակերեսով հողամասերին, իսկ Տափերականում՝ 10.2 հա մակերեսին, ընդհանուր առմամբ՝ 25.1 հա հողատարածքներին:

Ծրագիրը սահմանված կարգով ներկայացվել է ՀՀ կառավարությանը, և փոխվարչապետի համապատասխան որոշմամբ որակվել է որպես բարեգործական: Ծրագրով առաջարկվող և սպասվելիք ներդրումները կկազմեն շուրջ 20 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

«Պետք է լինի այլընտրանքային կրթական համալիր, ստեղծագործական կենտրոն, որտեղ 14 տարեկանից բարձր երիտասարդների շրջանում կիրականացվեն անձի բազմակողմանի զարգացմանն ուղղված ծրագրեր՝ հասանելի մասնագիտական կողմնորոշման, կյանքի հմտություների զարգացման և որակյալ կրթության հնարավորությունների ստեղծմանն ուղղված»,- ասաց Տերտերյանը:

Ներդրումը կիրականացվի 2021 թվականի սեպտեմբերի 1-ից  մինչև 2026 դեկտեմբերի 31-ը:

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը հավելեց, որ դա բավականին երկար քննարկված նախագծերից մեկն է: «Եվ փաստացի կառավարության այս որոշմամբ՝ մենք հողերի նվիրաբերությունից բացի, նաև հավանություն ենք տալիս տվյալ ծրագրին: Շատ երկար քննարկումներ են եղել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ, որոշ առումով մեր մտահոգությունները՝ ներառականության հետ կապված, փարատվել են»,- ասաց նա:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում