ՀՀ ֆինանսների եւ ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարարները քննարկել են առկա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հունիսի 26-ին հանդիպում է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Բախիտ Տուրլիխանովիչ Սուլթանովի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են առկա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի գումարների բաշխման նորմատիվների հաշվարկման մեթոդաբանությունը, ներմուծման մաքսային, հատուկ, հակադեմպինգային և փոխհատուցման տուրքերի գումարների հաշվեգրման և բաշխման այլընտրանքային մեխանիզիմները, աուդիտորական գործունեության ու հաշվապահական հաշվառման ոլորտներում առկա համաձայնագրերի նախագծերը:
Ըստ աղբյուրի՝ նախարար Հովհաննիսյանը նշել է, որ 2024թ. ԵԱՏՄ մարմիններում Հայաստանի Հանրապետության նախագահությունը ավելի է պարտավորեցնում համապատասխան ջանքեր գործադրել՝ ապահովելու տնտեսական համագործակցության օրակարգի լավագույնս իրականացումը։
Կարծիքներ