Ուկրաինայի Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում սկսվել է ռուսական անձնագրերի տրամադրման արագացված ընթացակարգ
Ռուսաստանի կողմից գրավված Ուկրաինայի Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում սկսվել է ռուսական անձնագրերի տրամադրման արագացված ընթացակարգ։ Ռուսաստանի փոխվարչապետ Մարատ Խուսնուլինը հայտնել է, որանձնագրերի տրամադրումը սկսվել է նախօրեին։
Նա նշել է, որ անձնագրերի համար դիմել է ավելի քան 50 մարդ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Մինչ ռուսական ներխուժումը Խերսոնի մարզում ապրում էր ավելի քան 1 մլն մարդ, իսկ Զապորոժիեի շրջանում՝ ավելի քան 1,6 մլն մարդ։ Նախօրեին Զապորոժիեի Մելիտոպոլ քաղաքում բացվել է Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության առաջին ստորաբաժանումը։
Ռուսական անձնագրերի տրամադրման «պարզեցված ընթացակարգը» չի ենթադրում Ուկրաինայի քաղաքացիությունից հրաժարում, «Ինտերֆաքս»-ին հայտնել են Ռուսաստանի կողմից նշանակված քաղաքային վարչությունում։
Ռուսական իշխանությունների կողմից նշանակված Զապորոժիեի շրջանի «ռազմական-քաղաքացիական վարչակազմի գլխավոր խորհրդի» անդամ Վլադիմիր Ռոգովն ավելի վաղ ասել էր, որ տարածաշրջանը «ճանապարհ կբռնի դեպի Ռուսաստանի մաս դառնալը»։ «Զապորոժիեի շրջանի համար կարող է լինել միայն մեկ ապագա՝ այն պետք է լինի Ռուսաստանի կազմում, դառնա Ռուսաստանի Դաշնության լիիրավ սուբյեկտը»,- հայտարարել է Ռոգովը։ Այս մասին խոսել է նաև Ռուսաստանի կողմից Խերսոնի շրջանի «ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավարի տեղակալ» նշանակված Կիրիլ Ստրեմուսովը։
Հիշեցնենք՝ մայիսի 25-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Զապորոժիեի և Խերսոնի շրջանների բնակիչներին պարզեցված ընթացակարգով ՌԴ քաղաքացիություն տրամադրելու մասին։
Այս մասին հայտնում է factor.am-ը:
Կարծիքներ