Հունիսի 7-ին Բայդենը Վաշինգտոնում կհանդիպի Ստոլտենբերգին

Հունիսի 7-ին Բայդենը Վաշինգտոնում կհանդիպի Ստոլտենբերգին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հունիսի 7-ին Վաշինգտոնում կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Պսակին:

«Երկուշաբթի նախագահը Սպիտակ տանը կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի հետ», – ասել է նա:

Պսակիի խոսքով՝ Սպիտակ տան ղեկավարն ու Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը կքննարկեն ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովի մանրամասները, որը տեղի կունենա հունիսի 14-ին՝ Բրյուսելում: Բացի դրանից, ինչպես նշել է Սպիտակ տան խոսնակը, Բայդենը և Ստոլտենբերգը կբարձրացնեն անդրատլանտյան համագործակցության ամրապնդման խնդիրները «Ռուսաստանի և Չինաստանի մարտահրավերների ֆոնին», ինչպես նաև անվտանգության ապահովմանն առնչվող մի շարք այլ թեմաներ:

Ակնկալվում է, որ դաշինքը կհաստատի ՆԱՏՕ 2030-ի նոր հայեցակարգը, որը, մասնավորապես, կսահմանի Ռուսաստանի հետ հարաբերությունների մոտեցում: ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից երկու օր անց Բայդենը Ժնևում կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում