ՊԵԿ-ը կանխել է միջազգային փոստային առաքանիներով թմրամիջոցների ապօրինի ներմուծման փորձը

ՊԵԿ-ը կանխել է միջազգային փոստային առաքանիներով թմրամիջոցների ապօրինի ներմուծման փորձը

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:

Վերջին ամիսներին ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության իրավապահ համագործակցության և տեղեկությունների վերլուծության բաժնի աշխատակիցների կողմից իրականացվող թիրախային վերլուծությունների և նույն վարչության Զվարթնոց բաժնի աշխատակիցների համատեղ ջանքերի շնորհիվ ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում մաքսային զննման են ենթարկել ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Իտալիայից, Գերմանիայից Հայաստանի Հանրապետություն էքսպրես-բեռներ փոխադրողների կողմից ՀՀ ներմուծված միջազգային փոստային առաքանիներ, ինչի արդյունքում թիրախավորված, բարձր ռիսկայնություն ունեցող առաքանիների միջից հայտնաբերվել են տարբեր քաշերի և քանակի «մեթամֆետամին», «ՄԴՄԱ (էքստազի)», «կրիստալ», «մեֆեդրոն» տեսակի թմրամիջոցներին նմանվող զանգվածներ, որոնք թաքցված են եղել առաքանու մեջ հայտնաբերված սկավառակի տուփի, խաղաթղթերի, դեմքի համար նախատեսված դիմակի, սարքավորումների համար նախատեսված տուփերի մեջ և այլն։ 

Փաստերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից նախապատրաստվել են նյութեր, որոնք հայտնաբերված թմրամիջոցի զանգվածների հետ տրամադրվել են ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությանը:

ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը հորդորում է քաղաքացիներին՝ ձեռնպահ մնալ նմանատիպ գործողություններից՝ անօրինական ճանապարհով արգելված ապրանքներ ներմուծելուց, քանի որ իրականացվում է մշտադիտարկում և թիրախային վերլուծություն։

Ծանուցում. ենթադրյալ հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում