Բարձր ենք գնահատում Եվրոպական դիտորդական առաքելության հետ կապված Ավստրիայի նախաձեռնությունը. ՀՀ նախագահը՝ դեսպանին

Բարձր ենք գնահատում Եվրոպական դիտորդական առաքելության հետ կապված Ավստրիայի նախաձեռնությունը. ՀՀ նախագահը՝ դեսպանին

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ ընդունել է Հայաստանում Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպան Թոմաս Մյուլմանին:

Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման ընթացքում ծավալած գործունեության և երկկողմ հարաբերությունների խորացմանն ուղղված ջանքերի համար:

«Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել այն աջակցության համար, որ Ավստիրան ցուցաբերել է Հայաստանին հատկապես մեզ համար դժվարին ժամանակահատվածում: Մենք շատ բարձր ենք գնահատում Ավստրիայի նախաձեռնությունը՝ Եվրոպական դիտորդական առաքելության հետ կապված: Պետք է արձանագրենք, որ Եվրոպական դիտորդական առաքելությունն իր մեծ ներդրումն է կատարել հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի կարգավորման գործում: Վստահ եմ, որ այս աշխատանքը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ դրա անհրաժեշտությունը կա: Մենք տեսնում ենք այդ առաքելության կարևորությունը»,- ասել է Հանրապետության նախագահը:

 Մյուլմանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել.

«Իմ պաշտոնավարման ընթացքում փորձել եմ ոչ միայն նպաստել մեր հարաբերությունների զարգացմանը, այլ նաև ճանաչել Ձեր երկիրը, և տեսել եմ այնքան շատ գեղեցկություն, ինչպես նաև նկատել եմ, թե ինչքան կայուն եք: Ձեր երկիրն աշխարհագրորեն բավական բարդ դիրքում է, բայց Դուք, կառավարությունը հասարակությունն այնքան մեծ կայունություն եք ցուցաբերել, որը շատ տպավորիչ է»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա զարգացումներին: Այս համատեքստում Հանրապետության նախագահը ընդգծել է հարևանների հետ կարգավորված և բարիդրացիական հարաբերություններ հաստատելու Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը:

Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ավստրիայի միջև առևտրատնտեսական կապերի սերտացման և ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ թեմաներ: Շեշտվել է երկու երկրների համագործակցության ամրապնդման տեսանկյունից բարձրաստիճան փոխայցելությունների, ինչպես նաև գործարար շրջանակների նոր կապերի ձևավորման կարևորությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում