ԱԱՀ-ի հետվերադարձի գործընթացում լինում են խարդախություններ. վարչապետը հայտնեց՝ կան կալանավորվածներ

ԱԱՀ-ի հետվերադարձի գործընթացում լինում են խարդախություններ. վարչապետը հայտնեց՝ կան կալանավորվածներ

 Ավելացված արժեքի հարկի հետվերադարձի գործընթացում տեղի են ունենում խարդախություններ, այս առիթով կան քրեական գործեր, նույնիսկ կալանավորված անձինք, մեծ չափերի գումար արդեն վերականգնվել է պետական բյուջե: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը շատ ողջունելի համարեց ավելացված արժեքի հարկի վերադարձի գործընթացը՝ դա համարելով մեծ առաջընթաց տնտեսավարողների հետ փոխհարաբերություններում: Ըստ պատգմավորի՝ դա էապես խթանում է տնտեսավարողների մոտ շրջանառու միջոցների ավելացումը: «Սակայն ունեմ մտահոգություններ օրինականության հետ կապված: Ձևավորվել է խարդախների մի խումբ, որը զբաղված է ավելացված արժեքի հարկի վերադարձի խարդախությամբ: Գործընթացներն իրականացվում են՝ խախտելով ընթացակագրեր: Դրանով էական վնաս է հասցվում ՀՀ պետբյուջեին»,-ասաց պատգամավորը:

Վարչապետը համաձայնեց Արսենյանի հետ՝ այդ խնդիրը կա: 

«Ձեր նշած դեպքերի նման դեպքերով ունենք քրեական գործեր, ունենք նույնիսկ կալանավորված անձինք, ունենք նաև արդեն մեծ չափերի վերականգնում պետական բյուջե, ունենք նաև այդ շղթաների բացահայտում և դրանց աշխատանքի խափանում, նաև օրենսդրական որոշակի փոփոխություններ անելու նախաձեռնություն, որ այդ շղթաները չկարողանան օրինականության պատրանքի ներքո գործել»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը հավելեց, որ հաճախ կառավարության աջակցող ծրագրերից օգտվելու համար խարդախությունների են դիմում, կեղծ թղթեր են ձեռք բերում՝ օրինակ հետվճար ստանալու համար: «Ստանալը ստանում են, բայց երկար չեն գնա դրանով, դրա վերջը քրեակատարողական հիմնարկն է»,-նշեց վարչապետը:

Փաշինյանը հայտնեց՝ նկատում են նաև պետական մարմինների կողմից աշխատանքի թերացումներ՝ որոշ դեպքերում դիտավորյալ, որոշ դեպքերում՝ անփութությամբ, հետևությունները պետք է անպայման արվեն: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում