Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն մի քանի օրվա մեջ 2-րդ անգամ դիմել է բժիշկների օգնությանը, ինչը նրա առողջական վիճակի վերաբերյալ անհանգստության տեղիք է տվել
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն մի քանի օրվա մեջ երկրորդ անգամ դիմել է բժիշկների օգնությանը, ինչը նրա առողջական վիճակի վերաբերյալ անհանգստության տեղիք է տվել, գրում է The New York Post-ը։
65-ամյա Աբեն երկուշաբթի առավոտյան այցելել է Տոկիոյի Քեյո համալսարանական հիվանդանոց, որտեղ երեք ժամ անցկացրել է բժիշկների հետ: Անցած երկուշաբթի վարչապետը բժշկական հաստատությունում գտնվել է ավելի քան 7 ժամ։
Իր առողջական վիճակի վերաբերյալ ԶԼՄ-ներում հրապարակումները հանդարտեցնելու համար Ճապոնիայի վարչապետն ավելի ուշ լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ վերադարձել է բժշկի, որպեսզի պարզի մեկ շաբաթ առաջ տված հետազոտությունների արդյունքները։
«Ես կցանկանայի հոգ տանել իմ առողջության մասին և լավագույնս կատարել իմ աշխատանքը»,- հավելել է նա։
Ճապոնական Nippon TV հեռուստաընկերությունը երկուշաբթի հայտարարել է, որ չնայած Աբեի հայտարարությանը, որ նա հիվանդանոցում է եղել հետազոտվելու նպատակով, իրականում նա այնտեղ ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտ խրոնիկական հիվանդության դեմ բուժում է ստանում։
Ճապոնիայի վարչապետը նախկինում հրապարակավ խոստովանել է, որ խրոնիկական հիվանդություն ունի, նույնիսկ հրաժարական է տվել 2007 թվականին՝ իր առաջին պաշտոնավարման ժամկետի ընթացքում, երբ առողջական վիճակի հետ կապված խնդիրների պատճառով չի կարողացել ղեկավարել երկիրը։ Նա կրկին քաղաքական ասպարեզ է վերադարձել 2012-ին։
Կարծիքներ