Պարբերաբար զանգահարել է՝ ասելով, որ ինքը՝ «գողական կյանքով ապրող» է և պարտքը պետք է տան իրեն

Պարբերաբար զանգահարել է՝ ասելով, որ ինքը՝ «գողական կյանքով ապրող» է և պարտքը պետք է տան իրեն

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամի կողմից մասնավոր հարցին առնչվող վեճի լուծումը ստանձնելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով և 325-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2022թ․ Ալավերդի քաղաքի 49–ամյա բնակիչը համաքաղաքացուց վարձակալությամբ վերցրել է «Օպել» մակնիշի ավտոմեքենա, որի վարձակալությունից առաջացած գումարը չի կարողացել վճարել, սակայն պարտավորվել է մաս-մաս վճարել։

Այնուհետև Գեղարքունիքի մարզի բնակիչը, ներգրավված լինելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրագործմանը, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման սահմանած և ճանաչած վարքագծի կանոնների համաձայն, ստանձնել է հիշյալ հարցին առնչվող՝ 49–ամյա տղամարդու կողմից պարտք մնացած գումարի՝ բռնությամբ կամ անօրինական այլ գործողությունների միջոցով վերադարձման խնդրի լուծումը:

Պարզաբանումներ կատարելու նպատակով, 2022թ․ դեկտեմբերից 2023թ․ փետրվարի վերջն ընկած ժամանակահատվածում, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամը զանգահարել է 49–ամյա տղամարդուն, հայտարարել, որ պարտք մնացած գումարը պետք է տան իրեն, քանի որ ինքն է զբաղվելու գումարը վերադարձնելու հարցով։ Այնուհետև, Գեղարքունիքի մարզի բնակիչը գումարը վերադարձնելու պահանջով պարբերաբար զանգահարել է 49-ամյա տղամարդուն և նրա կնոջը՝ ասելով, որ ինքը՝ «գողական կյանքով ապրող» և հարգված անձ է ու պարտք մնացած գումարը պետք է տան իրեն՝ դրա համար սահմանելով վերջնաժամկետ։

Վախենալով իրենց ընտանիքի անդամների համար՝ վերջիններս Գեղարքունիքի մարզի բնակչի կողմից տրամադրված քարտային հաշվեհամարներին կատարել են մի քանի դրամական փոխացնումներ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով:

**

Նախաքննությունը շարունակվում է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում