Իրականացվել է 10 629 կենսաթոշակի և այլ դրամական վճարումների նշանակում
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը և նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ճեպազրույցի ընթացքում ներկայացրել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց Կառավարության կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերի ընթացքը:
Զարուհի Մանուչարյանը նախ հիշեցրել է, որ դեկտեմբերի 11-ից Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը www.ssa.am հարթակի միջոցով ընդունում է սոցիալական, աշխատանքային, հաշմանդամության, զինվորական կենսաթոշակների նշանակման դիմումները: Նա ընդգծել է, որ խոսքն այն հայրենակիցների մասին է, ովքեր արդեն իսկ ստանում էին կենսաթոշակներ Լեռնային Ղարաբաղում: Մամուլի քարտուղարը տեղեկացրել է, որ դեկտեմբերի 19-ի դրությամբ արդեն իսկ իրականացվել է 10 629 կենսաթոշակի և այլ դրամական վճարումների նշանակում: Կենսաթոշակները կհաշվարկվեն հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար:
40+10 հազար դրամ և 50 000 դրամ սոցիալական աջակցության ծրագրերի մասին մանրամասներ է ներկայացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը:
Նախարարի տեղակալը ներկայացրել է, որ նախարարության նախաձեռնած փոփոխությունների հիման վրա Կառավարության որոշման մեջ փոփոխություններ կկատարվեն և առաջիկա Կառավարության նիստով կամրագրվի փոփոխություն, որով հնարավոր կլինի 50 000 դրամ աջակցության ստացումն ապահովել մինչև 2024 թվականի հունվարի վերջ: Այս փոփոխությունը կատարվում է այն հայրենակիցների համար, ովքեր դեռ չեն ստացել 100 000 դրամ միանվագ աջակցությունը և 50 000 դրամ աջակցության համար դիմելու խնդիր ունեն. «Այսինքն՝ բոլոր այն դեպքերում, երբ կան որոշակի պոտենցիալ շահառուներ, որոնք կարող են դիմել, նրանք հնարավորություն կստանան առաջիկայում կրկին դիմելու և այդ հնարավորությունը կպահպանվի մինչև հունվարի 31-ը»,-ասել է Աննա Ժամակոչյանը:
Այն դեպքերում, երբ 40+10 հազար դրամ սոցիալական աջակցության ծրագրի հետ կապված երեխաների տվյալները չեն լրացվել, այս հարցի կապակցությամբ նախարարի տեղակալը նշել է, որ համակարգն այժմ թույլ է տալիս խմբագրել տվյալները և ավելացնել երեխաների տվյալները:
Ինչ վերաբերում է այն դեպքերին, երբ անձը որոշ ժամանակով լքել է երկիրը, ապա վերադարձել, նախարարի տեղակալը նշել է. «Բոլոր այն դեպքերում, երբ մարդիկ բացակայել են և չեն դիմել և վերադարձել են հաջորդ ամիս, հաջորդ ամսվա դիմումի ժամանակ, դիմումը մշակելիս մենք կդիտարկենք նաև բացակա օրերի քանակը նախորդ ամսվա համար և հաշվի առնելով բացակայության օրերի թիվը, եթե դրանք կլինեն 10 օրից պակաս, նրանք կստանան նաև նախորդ ամիսների աջակցությունը, այսինքն՝ նոյեմբերից սկսած նախորդ ամիսները»:
Նախարարի տեղակալը նաև ներկայացրել է, որ հաջորդ շաբաթվանից կմեկնարկի դեկտեմբեր ամսվա վճարման գործընթացը:
Զարուհի Մանուչարյանը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ կենսաթոշակների նշանակման համար պարտադիր պայման է ունենալ հաշվառում, որի համար պետք է մոտենալ անձնագրային բաժիններ, որոնք աշխատում են նաև շաբաթ օրերին միայն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սպասարկման համար:
Կարծիքներ