ՀԱՊԿ-ի արձագանքը ՀՀ-ի համար բավարար չէ, գլխավոր քարտուղարի գալ-գնալով հարցը չի լուծվում. Սիմոնյան
Այս պահի դրությամբ ՀԱՊԿ-ի գործողությունները, արձագանքը բավարար չեն Հայաստանի համար, և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի Հայաստան գալ-գնալով միայն հարցը չի լուծվում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:
Անդրադառնալով ՀՀ վարչապետի հայտարարությանը, որ Հայաստանում մտավախություն կա, որ ՀԱՊԿ-ն է դուրս գալիս Հայաստանից՝ Սիմոնյանը պարզաբանեց. ««ՀԱՊԿ-ը դուրս է գալիս տարածաշրջանից» արտահայտությունը նշանակում է, որ այն գործողությունները, որ ՀԱՊԿ-ը պետք է անի, չի անում և ցույց է տալիս իր բացակայությունը»:
Անդրադառնալով դիտարկմանը, որը ՀԱՊԿ-ը չի ասում, թե դուրս է գալիս ՀՀ-ից, գլխավոր քարտուղարն էլ պաշտոնական այցով եկել էր Հայաստան՝ ԱԺ նախագահը նկատեց՝ գալը չի նշանակում, թե դուրս չի գալիս: «Որ եկել է, ի՞նչ, որ եկավ, ի՞նչ փոխվեց»,-նշեց ԱԺ նախագահը:
Սիմոնյանն ընդգծեց, որ Հայաստանն, անկախ ամեն ինչից, իր քայլերն անում է: «Չկա որևիցե քայլ, որն անելու համար ՀԱՊԿ-ի անդամ լինելը մեզ խոչընդոտում է: Անկախ նրանից, թե որ կազմակերպության մեջ ենք ու ինչ հետևություններ կարող ենք անել այս իրավիճակից՝ մենք շարունակում ենք բոլոր հնարավոր ճանապարհները փնտրել Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ապահովելու համար: Իսկ քաղաքական առումով՝ ինքը եկավ-գնաց, թող գան, գնան, հարցը դրանով չի լուծվելու: Իրենք կգան, կգնան, դա չի խանգարի, օրինակ, 2 օր հետո որևէ գործողության: Դրա փորձը մենք ունեցել ենք էլ ավելի բարձր պաշտոնյաների այցելությունից հետո»,-ասաց ԱԺ նախագահը:
Նա վերահաստատեց՝ անկախ նրանից, թե որ համակարգում է երկիրը, Հայաստանը մշտապես փորձում է, փնտրում է ու աշխատում է բոլոր հնարավոր ձևերով ապահովել անվտանգությունը: Եվ դա հաճախ բավականին սուր արձագանք է ստանում ՀԱՊԿ անդամ երկրների կողմից: «Դրա պատճառով են այդ սուր արձագանքները: Միևնույն ժամանակ մենք հավատարիմ ենք մեր ստորագրությանը: Եվ այս պահի դրությամբ ՀԱՊԿ-ի այն գործողությունները, այն արձագանքը, որ կա, ՀՀ-ին բավարար չեն: Եվ այցելությունը, այսպես ասած՝ տեսական մասն ապահովելը, չգիտեմ, թե որքանով բավարար կլինի հողի վրա որևիցե բան կանգնեցնելու»,-նշեց Սիմոնյանը:
Կարծիքներ