Խաղաղության պայմանագիրը կվերափոխի ողջ տարածաշրջանը. Բայդենը նամակ է ուղարկել Ալիևին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
Այս մասին տեղեկությունը տարածել է Ադրբեջանի Հանրապետության ղեկավարի աշխատակազմը:
Նշվում է, որ նամակում Բայդենը գոհունակություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ ձեռք բերված առաջընթացի կապակցությամբ, որը «կծառայի երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը»:
«Ուզում եմ ձեզ վստահեցնել, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության ձեռքբերմանը, որը վերջնականապես վերջ կդնի երկարամյա հակամարտությանը»,- ասված է նամակում։
Բայդենը նշել է, որ խաղաղության պայմանագիրը ոչ միայն կապահովի Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, այլև կվերափոխի ողջ տարածաշրջանը, կխթանի առևտուրը, ներդրումները և կապերը Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև:
«COP29-ը եզակի հնարավորություն է համաշխարհային հանրությանը ցույց տալու Ձեր նվիրվածությունը խաղաղությանը: Խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերի շուրջ աշխատանքի ավարտը կպահանջի ստեղծագործականություն և փոխզիջում երկու կողմերից: Բայց ես վստահ եմ, որ դուք կօգտվեք այս հնարավորությունից: Կոչ եմ անում այս տարի ավարտին հասցնել պայմանագիրը»,- ասվում է նամակում:
Ջո Բայդենն իր հանձնառությունն է հայտնել աջակցելու այս գործընթացին՝ նշելով, որ ԱՄՆ-ի վարչակազմը պատրաստ է համարձակ նախաձեռնությունների, որոնք ճանապարհ կհարթեն դեպի խաղաղություն։
«Իմ խնդրանքով, իմ հատուկ օգնական, Եվրոպայի գծով ավագ տնօրեն Մայքլ Քարփենթերը ձեզ կտեղեկացնի կոնկրետ քայլերի մասին, որոնք մենք պատրաստ ենք ձեռնարկել և պարզել ձեր դիրքորոշումը Հայաստանի հետ բանակցությունների վերաբերյալ։ Հուսով եմ, որ դուք կօգտվեք այս հնարավորությունից՝ տարածաշրջանի համար ընդհանուր բարգավաճման և ընդհանուր բարօրության նոր ուղի գծելու համար»,- եզրափակել է նա:
Կարծիքներ