Թուրքիան լոբբիստների է վարձել F-35 անտեսանելի կործանիչների ծրագրին վերադառնալու հարցով ջանքերի շրջանակում
Թուրքական պետական Defence Industry Technologies (SSTEK) ընկերությունը վարձել է վաշինգտոնյան «Arnold & Porter» իրավաբանական ընկերությանը F-35 անտեսանելի կործանիչների ծրագրին վերադառնալու հարցով ջանքերի շրջանակում, հաղորդում է Foreign Lobby Report-ը:
SSTEK-ը, որը պատկանում է պաշտպանական արդյունաբերության վարչությանը (SSB), 750 000 դոլարի չափով պայմանագիր է ստորագրել իրավաբանական ընկերության հետ, որի ներկայացուցիչները այցելել են Անկարա գործարքը կնքելու համար:
Թուրքիան բացառվել էր F-35 կործանիչների ծրագրից 2019 թվականին ռուսական Ս-400 հակահրթիռային պաշտպանության համակարգերի գնման պատճառով:
Պայմանագիրը կնքվել է ոչ թե SSB-ի հետ, այլ SSTEK ընկերության հետ, որպեսզի այդպիսով շրջանցվեն SSB-ի գործունեության համար սահմանված պատժամիջոցները: Այս մասին ասել է ռազմական վերլուծաբա Օզգյուր Էքշին:
Նրա խոսքով՝ Թուրքիան մտադիր է վերադառնալ F-35 ծրագրին: «SSB-ն չի հոգնի կրկնել, որ հավատարիմ է իր միջազգային պարտավորություններին»,-հավելել է Էքշին:
Նա նշել է, որ F-35-երի ծրագրից Թուրքիայի բացառումը հզոր հարված է հասցրել պաշտպանական արդյունաբերությանը:
Լոբբիստական ընկերությունը որեւէ երաշխիք չի ներկայացրել իր հաճախորդներին, եւ Անկարային ծրագրին վերադարձնելը հեշտ չի լինի:
Կարծիքներ