Թուրքիայում ձերբակալված քրդամետ կուսակցության կին անդամները մերկ խուզարկության են ենթարկվել
Թուրքիայի Այդըն շրջանում փետրվարի 14-ին ձերբակալված քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) կին անդամները ազատ են արձակվել,հաղորդում է Ermenihaber-ը։
Ի սկզբանե ձերբակալված 13 գործիչներից 6-ը ազատ էին արձակվել նույն օրը՝ ոստիկանատանը հարցաքննվելուց հետո։ Իսկ մյուս 7 կանայք պայմանականորեն ազատ են արձակվել փետրվարի 17-ին, միաժամանակ նրանց արգելվել է հեռանալ երկրից։
Քրդական «Mezopotamya» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ընդդիմադիր կուսակցության կին անդամներից 4-ը հայտնել են, որ ոստիկանատանը մերկ խուզարկության են ենթարկվել։
Սյոքե շրջանում ձերբակալված Սադեգյուլ Աքալընը պատմել է, որ ձերբակալվելուց հետո կին ոստիկանն իրեն ու իր մեկ այլ գործընկերուհուն մերկ խուզարկության է ենթարկել։ Այդ խուզարկությունները կրկնվել են նաև փաստաբանի հետ ամեն հանդիպումից հետո։ ԺԴԿ-ական գործիչը նշել է, որ նման վերաբերմունքը հակաօրինական և ստորացուցիչ է և համապատասխան իրավական քայլերի է դիմելու՝ իր նկատամամբ նման վերաբերմունքի համար։
Դիդիմ շրջանում ձերբակալված Ջաիզե Յորուջուն ևս հայտնել է, որ իր մեկ այլ գործընկերուհու հետ ձերբակալվելուց հետո իրենք մերկ խուզարկության են ենթարկվել։ Ընդ որում, խուզարկության ընթացքում ոստիկանատան սենյակի դուռը կիսաբաց է եղել, իսկ մուտքի մոտ 3-4 տղամարդ ոստիկաններ են գտնվել։ Յորուջուն ևս պնդել է, որ չի պատրաստվում հանդուրժել իրենց նկատմամբ նման անհեթեթ և վիրավորական վերաբերմունքը և պատրաստվում է բողոք ներկայացնել դատախազություն։
Կարծիքներ