ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը Մհեր Գրիգորյանի հետ քննարկել է համագործակցության հնարավոր ուղղությունները
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսսին:
Հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհավորել է Իվա Պետրովային պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ ընդգծելով, որ Կառավարությունը բարձր է գնահատում ԱՄՀ-ի հետ համագործակցությունը:
ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և փոխվարչապետի հետ քննարկել Հայաստանի հետ համագործակցության հնարավոր նոր ուղղությունները:
Այս համատեքստում փոխվարչապետը ներկայացրել է Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները, խոսել մարդկային կապիտալի զարգացման կարևորության, մասնավորապես՝ կրթության, առողջապահության և սոցիալական պաշտպանության ոլորտում առկա խնդիրների և նախատեսվող բարեփոխումներին մասին:
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին և դրանց ներքո Հայաստանի առջև ծառացած տնտեսական և ֆինանսական ռիսկերին ու դրանց հակազդելու հնարավորություններին:
Կարծիքներ