Հայաստանի պատվիրակությունը կայցելի Գրանադա. վարչապետ

Հայաստանի պատվիրակությունը կայցելի Գրանադա. վարչապետ

«Մենք մինչև վերջին պահը և այսօր էլ հաստատել ենք Գրանադա այցելությունը»,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին։

Նրա խոսքով՝ Հայաստանը կառուցողական ու լավատես էր տրամադրված, որովհետև կարծում էր՝ «շրջադարձային նշանակության փաստաթուղթ» ստորագրելու հնարավորություն կա։

Փաշինյանը նշել է, որ մինչև այսօր առավոտ այդ հավանականությունը բարձր է գնահատվել։ Նա հիշեցրել է, սակայն, որ նախատեսված հանդիպումը չի կայանում, բայց ոչ՝ Հայաստանի մեղքով. «Գրանադա մեր պատվիրակության այցելությունը չի չեղարկվել, մենք մեկնում ենք և այնտեղ ունենալու ենք հանդիպումներ և, ըստ էության, փորձելու ենք ավելի դետալացված ներկայացնել մեր դիրքորոշումները»։

Փաշինյանն ասել է, որ ցավում է, որ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումը չի լինի. «Բայց հուսով ենք՝ հայեցակարգային փաստաթուղթը, որ դրված է սեղանին, հարմար պահի կստորագրվի։ Ես պատրաստ եմ այդ պայմանագիրը ստորագրելու և ցավում եմ, որ վաղն առիթ չունեմ հայտարարելու, որ այդ կարևոր որոշումը կայացված է»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում