Վրաստանի վարչապետը ընդդիմության հետ համաձայնության գալու պատրաստակամություն է հայտնել
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր առավոտյան հանդիպում է անցկացրել Եվրոպական խորհրդի նախագահի հատուկ ներկայացուցիչ Քրիսթիան Դենիելսոնի հետ, որի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանի կառավարությունը պատրաստ է ընդդիմության հետ կառուցողական քաղաքական երկխոսությանը, փոխանցում է «Նովոստի- Գրուզիան»:
Եվրոպացի դիվանագետը երկրորդ անգամ է ժամանում Վրաստան, որ կազմակերպի կառավարության եւ ընդդիմության միջեւ բանակցությունները, եւ քաղաքական ճգնաժամից դուրս գալու համաձայնագիր ստորագրվի:
«Մենք վերահաստատում ենք կառուցողական երկխոսությունը շարունակելու եւ հնարավորինս արագ համապատասխան համաձայնության գալու մեր պատրաստակամությունը: Մենք կլինենք արդյունքին միտված կուսակցություն, որը կոնկրետ որոշումներ կկայացնի»,- հայտարարել է Ղարիբաշվիլին՝ Դենիելսոնին ընդունելով պետական գրասենյակում:
Երկրի վարչապետը նշել է, որ իշխող թիմը գնահատում է Եվրամիության մոդերատորությունը, որն ուղղված է իրավիճակի ապաէսկալացիային եւ քաղաքական գործընթացի բնականոն վարմանը:
Ղարիբաշվիլին եւ Դենիելսոնը քննարկել են այն հարցերը, որոնք կապված են իշխող կուսակցության եւ ընդդիմության միջեւ տարաձայնությունների հետ: Կարեւորվել է օրենքի գերակայության եւ ժողովրդավարական ինստիտուտների հանդեպ հարգանքը, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների, այդ թվում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ գնահատականները, որոնց համաձայն Վրաստանում խորհրդարանական ընտրությունները եղել են ազատ եւ արդար:
Հանդիպմանը եւս մեկ անգամ նշվել է, որ բոլոր կողմերի համար կարեւոր է ղեկավարվել վրացի ժողովրդի եւ երկրի շահերով, եւ քայլ ձեռնարկել դեպի փոխզիջումային որոշում, որն ուղղված կլինի քաղաքական գործընթացը խորհրդարան տեղափոխելուն:
Կարծիքներ