Էդուարդ Բաբայանն ընտրվեց Աբովյանի համայնքապետ

Էդուարդ Բաբայանն ընտրվեց Աբովյանի համայնքապետ

Կոտայքի մարզի Աբովյան խոշորացված համայնքում այսօր կայացավ նորընտիր ավագանու առաջին նիստը, որի ընթացքում Աբովյանի համայնքապետ ընտրվեց ԲՀԿ թեկնածու Էդուարդ Բաբայանը, տեղեկացնում է Armtimes.com-ը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Աբովյանում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ: Ըստ ստացած ձայների արդյունքների՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել էր քվեների 46,28 տոկոսը, «Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ 36,65 տոկոսը, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 11,93 տոկոսը և «Հայ հեղափոխական դաշնակցություն»-ը՝ 5,12 տոկոսը:

Ըստ այդմ՝ ԲՀԿ-ն կունենա 13 ավագանու անդամ, ՔՊ-ը՝ 10, «Հանրապետություն»-ը՝ 3, ՀՅԴ-ը՝ 1:

Այսօր ավագանու անդրանիկ նիստի ժամանակ առաջադրվեց համայնքապետի 2 թեկնածու՝ Էդուարդ Բաբայանը, որը ԲՀԿ-ի առաջադրած թեկնածու է և Պավել Ցուգունյանը, որը ՔՊ-ի թեկնածուն է:

Նշենք, որ ԲՀԿ-ին ընդամենը մեկ մանդատ էր պակասում համայնքապետի պաշտոնը ստանձնելու համար. կուսակցությունը պետք է ստանար 14 մանդատ:

Այդ մեկ ձայնն այսօր ավագանու նիստի ժամանակ ԲՀԿ-ին ապահովեց ՀՅԴ-ը, որի ավագանու անդամ Արման Մեղրյանը կողմ քվեարկեց Բաբայանի թեկնածությանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում