Տեղի ունեցավ հետաքրքիր զրույց. Միրզոյանը՝ Բելգիայի ԱԳ նախարարի հետ հանդիպման մասին
«Ինչպես միշտ, հաճելի էր հանդիպել իմ գործընկեր Հաջա Լաբիբի հետ»:
Այս մասին «X»-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Տեղի ունեցավ հետաքրքիր զրույց հայ-բելգիական կապերի և ԵՄ-ի հետ ՀՀ գործընկերության հետագա ամրապնդման ուղիների վերաբերյալ: Մենք գնահատում ենք այն, ինչին հասել ենք և ձգտում ենք ավելիին: Մտքեր փոխանակեցինք տարածաշրջանային հարցերի վերաբերյալ, տեղեկացրի ՀՀ և Ադրբեջանի միջև գործընթացի մասին»,- ասված է գրառման մեջ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի կազմավորման 75-ամյակին նվիրված գագաթաժողովի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:
Կողմերը նշել են խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ պատմական պայմանագրի կնքման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի կողմից գրանցված առաջընթացը և համաձայնել են շարունակել աշխատանքները։
Հանդիպման ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վստահություն է հայտնել, որ կողմերը մոտ են խաղաղության համաձայնագրի ձեռքբերմանը։
Հանդիպումից հետո ՀՀ ԱԳ նախարարը ևս գրառում էր կատարել՝ վերահաստատելով Հայաստանի քաղաքական կամքը՝ հնարավորինս շուտ ավարտելու և կնքելու խաղաղության պայմանագիրը Ադրբեջանի հետ։
Կարծիքներ