Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել դեպի Ճապոնական ծով

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել դեպի Ճապոնական ծով

Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Չագանգ նահանգից դեպի Ճապոնական ծով։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին կիրակի հայտնել է Yonhap գործակալությունը՝ հղում անելով Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ ծառայությանը։ Գործակալության տվյալներով՝ շտաբը մեկնարկի մասին հայտարարել է լրագրողներին ուղարկված տեքստային հաղորդագրության մեջ։ 

Yonhap-ը, վկայակոչելով պաշտոնյաներին, նաև հայտնել է, որ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը միջադեպի կապակցությամբ Ազգային անվտանգության խորհրդի արտակարգ նիստ կհրավիրի։

Հրթիռի արձակման մասին տեղեկությունը հաստատել է նաև Ճապոնիայի առափնյա պահպանությունը։ Գործակալությունը ձկնորսական նավերին զգուշացրել է բեկորների ընկնելու վտանգի մասին:


Ավելի ուշ, Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Հիրոկազու Մացունոն ասաց, որ հրթիռը, ենթադրաբար, ընկել է ճապոնական ծովում գտնվող երկրի բացառիկ տնտեսական գոտուց դուրս:

«Մեր կանխատեսումների համաձայն՝ մեկ բալիստիկ հրթիռ է արձակվել, այն ընկել է Ճապոնական բացառիկ տնտեսական գոտուց դուրս՝ Ճապոնական ծովում: Մինչ օրս մենք տեղեկություն չենք ստացել միջադեպի հետ կապված վնասների մասին»,- ասել է Մացունոն։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում