ՀՀ բարձրագույն կրթության երրորդ աստիճանի զարգացման հայեցակարգի նախագիծը կներկայացվի նաև բուհերին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում քննարկվել է ՀՀ բարձրագույն կրթության երրորդ աստիճանի զարգացման հայեցակարգի նախագիծը: Քննարկումը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը:
Ներկա են եղել նաև Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը և աշխատանքային խմբերի ներկայացուցիչներ տարբեր բուհերից: Հանդիպման նպատակն էր քննարկել հայեցակարգի նախագծի վերջնական տարբերակը, լսել դիտողություններն ու առաջարկները և ըստ այդմ՝ լրամշակել այն: Էրազմուս+ կարողությունների զարգացման ARMDOCT Բարձրագույն կրթության երրորդ աստիճանի զարգացմանն ուղղված ծրագրի շրջանակում ԿԳՄՍ նախարարությունը բուհական հանրության հետ ձևավորել է աշխատանքային խումբ, որն իրականացնում է ասպիրանտական կրթության (այդ թվում՝ գիտամանկավարժական կադրերի պատրաստում) խնդիրների վերհանում և նոր հայեցակարգի մշակում։
Հայաստանում դոկտորական կրթության զարգացման համար հայեցակարգային ուղղությունների և լուծումների առաջադրման նպատակով ստեղծվել են հինգ աշխատանքային խմբեր, որոնց աշխատանքները բաժանվել են հետևյալ ուղղություններով՝ բարձրագույն կրթության երրորդ մակարդակի ընդունելություն, կրթության և հետազոտության կազմակերպում, աստիճանաշնորհում, բուհ/գիտահետազոտական կազմակերպություն-արդյունաբերություն կապ: Նախագծում ներգրավված բոլոր հաստատությունների առավելագույն մասնակցությունը և մասնակցային բարեփոխումներն ապահովելու համար վերոնշյալ աշխատանքային խմբերում ներգրավվել են ծրագրի անդամ բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների ներկայացուցիչներ պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմերից, ինչպես նաև ԿԳՄՍ ներկայացուցիչներ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը ողջունել է ներկաներին և վստահություն հայտնել, որ քննարկմամբ կամբողջացնեն հայեցակարգի վերջնական տարբերակը՝ հաշվի առնելով կողմերի նկատառումները: Որպես առանցքային խնդիր՝ քննարկվել է PHD-ի հետկանչման մեխանիզմը: ԲՈԿ-ի նախագահ Կարեն Քեռյանի ներկայացմամբ՝ ուղիղ մեխանիզմ դեռևս չկա, բայց կա իրավական տեսանկյունից այդ ամենն անելու փորձ: Նա առաջարկել է ՌԴ-ում ներդրած մեխանիզմն ուսումնասիրել և հասկանալ հետագա անելիքը:
Ըստ կողմերի եզրակացության՝ պետք է հայեցակարգում ամրագրել PHD-ի հետկանչման մեխանիզմի անհրաժեշտությունը՝ ապագայում մոտեցումներն ու քայլերը հստակեցնելու հեռանկարով: Կարեն Թռչունյանն անդրադարձել է նաև կրթական երրորդ մակարդակում հետազոտողի դիպլոմի անհրաժեշտությանը. «PHD-ն՝ որպես կրթական երրորդ մակարդակ, ամփոփվում է գիտական աստիճանի շնորհմամբ. արդյո՞ք անհրաժեշտություն չկա ասպիրանտական կրթական համակարգն ավարտողին տալ հետազոտողի դիպլոմ, թե՞ պետք է սահմանափակվել գիտական աստիճանով»:
Ըստ մասնակիցների՝ նշյալ փատաթուղթը կարող է փոխարինվել նաև վկայականով կամ տեղեկանքով: Կարևորվել է գիտական հետազոտություն կատարողների արդյունավետության ապահովումը: Ինչպես Կ. Թռչունյանն է ներկայացրել, պաշտպանողների թիվը չի գերազանցում 40 տոկոսը. «Ստացվում է՝ պետական ֆինանսավորումն օգտագործվում է ոչ արդյունավետ: Պետք է հստակեցնել՝ բուհերը պատասխանատվություն կրո՞ւմ են, ներսում վերլուծություններ անու՞մ են, թե՞ ոչ»: Աշխատանքային խմբերի ներկայացուցիչների խոսքով՝ հայեցակարգում ներառել են մշտադիտարկման մեխանիզմների անհրաժեշտությունը, որը ենթադրում է՝ բուհը պետք է հաշվետու լինի: Մեկ այլ կարևոր հարց, որը ևս բարձրացվել է, դոկտորական կրթության համար «Doctor school» կամ ֆակուլտետ ունենալու անհրաժեշտության քննարկումն էր: Որպես տարբերակ՝ քննարկվել է որևէ բուհի կամ բուհերի պատվիրակել, որպեսզի իրականացնեն դոկտորական կրթություն. բուհերին տալ որոշակի դասակարգում, եթե բավարարում են այսինչ պահանջներին, տրվի PHD ընդունելու իրավունք:
Ըստ աշխատանքային խմբի՝ հայեցակարգում ավելացվել է սյունակ՝ հայտերում գիտական ղեկավարի մասին տեղեկատվության վերաբերյալ: Առաջարկվում է նաև վերանայել մասնագիտական քննության ձևաչափը: Քննարկվել են նաև գիտական հետազոտության ֆինանսավորման մեխանիզմները, այս կրթական ծրագրին լծորդված Պն-ի տարկետման խնդիրը, որը կարող է խոչընդոտել գործընթացը: Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը որոշել են, որ հայեցակարգի նախագծի վերջնական տարբերակը կներկայացվի բուհերին՝ կարծիք հայտնելու համար: Նշենք, որ ՀՀ բարձրագույն կրթության երրորդ աստիճանի զարգացման հայեցակարգի մշակումը պայմանավորված է ՀՀ Ազգային ժողովի կողմից հավանության արժանացած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի հիմնադրույթներով և վերափոխված պահանջներով, ինչպես նաև ապահովում է համաեվրոպական չափանիշներին դոկտորական կրթական ծրագրերի համապատասխանեցումը։
ԿԳՄՍ նախարարություն
Կարծիքներ