Ինչպես ազատվել ավելորդ քաշից առանց խիստ սահմանափակումների. խորհուրդներ մասնագետից
Ավելորդ քաշը ներկայում ամենատարածված խնդիրներից մեկն է, որից ազտատվելու համար մարդիկ սովորաբար դիմում են խիստ սննդակարգերի ու հատուկ մարզումների օգնությանը, սակայն նման մեթոդները ոչ միշտ են արդյունավետ լինում, իսկ երբեմն էլ որոշակի առողջական խնդիրների պատճառ են դառնում։ Այնուամենայնիվ մասնագետները հաճախ են շեշտում, որ իրականում ցանկալի արդյունքին հասնելու համար շատ մեծ ջանքեր գործադրելու կարիք չկա, քանի որ մի քանի պարզ փոփոխությունն անգամ կարող է շատ արդյունավետ լինել։
Բժիշկ-սրտաբան Աննա Սոլոշենկոն ներկայացրել է մի քանի պարզ միջոց, որոնք կօգեն առանց խիստ սննդակարգերի ազատվել ավելորդ կիլոգրամներից ու կարգի բերել կազմվածքը։
Ավելի շատ շարժվել
Ավելորդ քաշից ազատվելու համար մասնագետը խորհուրդ է տալիս ավելացնել ֆիզիկական ակտիվությունը, ինչը հատկապես կարևոր է նստակյաց կենսակերպ վարող մարդկանց համար։ Ֆիզիկական ակտիվության մակարդակը բարձացնելու ամենապարզ միջոցը շաբաթական չորս անգամ մեկական ժամ զբոսնելն է։ Շատ արդյունավետ կարող են լինել նաև լողը, պարերն ու սկանդինավյան քայլքը, իսկ եթե աերոբային վարժությունները չափազանց պարզ են, ապա կարելի է փորձել ուժային մարզումները, որոնք այրում են ճարպն ու ամրապնդում մկանային հյուսվածքները։
Սահմանափակել աղն ու շաքարը
Սոլոշենկոյի խոսքով՝ աղն ու շաքարը բթացնում են համային ընկալիչները, ինչի հետևանքով մարդն սկսում է վատ տարբերել համի երանգներն ու նորմայից շատ է ուտում։ Քաշի ավելացումից խուսափելու համար հարկավոր է սահմանափակել աղն ու շաքարը, իսկ այդ սահմանափակումներին ավելի հեշտ ընտելանալու համար կարելի է փոխարինել դրանք համեղ ու օգտակար բույսերով ու հատապտուղներով։
Ավելի շատ բանջարեղեն ուտել
Առանց լուրջ սահմանափակումների ավելորդ քաշից ազատվելու շատ պարզ միջոց կարող է լինել նաև սննդակարգում բանջարեղենի գործածությունը։ Մասնագետի խոսքով՝ բանջարեղենը պետք է կազմի ամբողջ սննդակարգի 50 տոկոսը։ «Մտովի բաժանեք ափսեն չորս մասի, այնուհետև երկու քառորդը լցրեք բանջարեղենով, մեկ քառորդը՝ անյուղ մսով, ձկով, հավկիթով կամ ծովամթերքով, իսկ մնացածը մասը՝ յոգուրտով ու հատապտուղներով», - խորհուրդ է տալիս բժիշկը։
Բազմազան ու բնական մթերք օգտագործել
Սննդի բազմազանությունը շատ կարևոր է աղիների միկրոֆլորայի առողջության համար, իսկ աղիների միկրոֆլորան ազդում է քաշի և առհասարակ օրգանիզմի ընդհանուր վիճակի վրա։
«Ճակնդեղը շատ օգտակար է, սակայն ամեն օր ճակնդեղի հյութ խմելը վնասակար է, օրինակ՝ երիկամների համար։ Հենց սննդամթերքի բնական ու բազմազան լինելն էլ նպաստում է առողջության պահպանմանը», - նշում է փորձագետը։
Բավարար քանակությամբ ջուր խմել
Բավարար քանակությամբ մաքուր ջուր խմելն ավելորդ քաշից ազատվելու կարևորագույն պայմաններից մեկն է։ Հարկ է հիշել, որ հյութերը, կոմպոտներն ու այլ ըմպելիքները չեն կարող փոխարինել ջրին, ուստի ծարավի զգացումը հարկավոր է հագեցնել բացառապես ջրով։ Եթե մաքուր ջուր խմելը հաճելի չէ, ապա կարելի է դրան մի փոքր կիտրոնի հյութ, վարունգ, անանուխ կամ հատապտուղներ ավելացնել։
Քնել մթության մեջ
Գիշերը սենյակում լիարժեք մթություն ապահովելը շատ կարևոր է ամբողջ օրգանիզմի, այդ թվում նաև կազմվածքի համար։ Մթության մեջ քնելը նպաստում է «երջանկության հորմոն» սերոտոնինի ակտիվ արտադրմանը, ինչն ապահովում է բարձ տրամադրությունը և նվազեցնում է անհանգստության մակարդակը՝ կանխելով նորմայից շատ կալորիաների գործածությունը։
Կարծիքներ