Նոր Սահմանադրության տեքստը պատրաստ է. այն կքննարկվի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում և վարչությունում

Նոր Սահմանադրության տեքստը պատրաստ է. այն կքննարկվի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում և վարչությունում

«Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է, այն նախատեսվում է քննարկել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում, նաև համանուն խորհրդարանական խմբակցությունում»:

Այս մասին ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ասել է արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստի ընթացքում:

«Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը շատ ակտիվ աշխատում է: Ամեն շաբաթ նիստեր ենք հրավիրում: Եվ տեքստը պատրաստ է, ինչպես և խոստացել էի: Բայց հրապարակման մասով դեռ նորություն չունեմ, որովհետև որոշվել է տեքստը քննարկել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում և խորհրդարանական խմբակցությունում: Դրանից հետո տեքստը հրապարակելու մասով որոշում կկայացվի»,- ասաց նախարարը: 

Նախարարը հստակեցրել է, որ ՀՀ նոր Սահմանադրության նախագծի հայեցակարգային դրույթները նախկինում մշակվել էին, իսկ տեքստը մշակել են այդ դրույթների վրա:

Գալյանի խոսքով՝ մոտեցումը հետևյալն է. կենտրոնում մարդն է, քաղաքացին, ժողովուրդը, իսկ կառավարման գործող կարգից շեղում չկա:  

«Այն կարծիքին ենք, որ ժողովրդավարության սկզբունքների լավագույն արտահայտումը հենց պառլամենտարիզմի մեջ է: Բայց շատ մեծ փոփոխություններ ենք արել այն համատեքստում, որ փորձել ենք ավելի ապակենտրոնացնել իշխանության թևերն ու բալանսավորել՝ օրինակ վերահսկողական մեխանիզմներ տրամադրելով ԱԺ-ին վարչապետի գործունեության նկատմամբ և այլն»,- նշեց Գալյանը:

Դատական իշխանության հետ կապված նախատեսելու են երդվյալ ատենակալների ինստիտուտի հնարավորություն: Նաև որպես սկզբունք նախատեսվելու է գործերի երկաստիճան բողոքարկման հնարավորությունը, գործերի գրավոր քննության հնարավորությունը, ԲԴԽ-ի որոշումների բողոքարկման հնարավորությունը, ինչն այսօր չկա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում