Հայաստանում եղբայրության մթնոլորտ պետք է լինի. Փաշինյանը կոչ է անում բացառել միջադեպերը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում պայմանավորվել, որ իր հրավիրած հավաքի շրջանակներում բախումներ չեն լինի, բոլորը կցուցաբերեն զսպվածություն: Փաշինյանն այս մասին ասաց կառավարության շենքի դիմաց լրագրողների հարցերին ի պատասխան, ինչպես նաև բարձրախոսով ազդարարելով հավաքվածների շրջանում:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք բախումների վտանգ տեսնո՞ւմ է՝ վարչապետն ասաց. «Վտանգը միշտ էլ կա, լարված է: Բայց մենք բոլորս պետք է պայմանավորվենք, որ նման բան ՀՀ-ում տեղի չի ունենալու: Ամենակարևորը, որ հանդարտ ենք բոլորս, մենք Հայաստանի ներսում թշնամի չունենք, սա ամենակարևոր արձանագրումն է: Բայց հարցեր կան, որոնք պետք է քննարկել անպայման, և այդ հարցերի քննարկումն է մեր այսօրվա հավաքի նպատակը»,-ասաց նա:
Հարցին, թե Զինված ուժերը ո՞ւմ է ենթարկվում այս պահին՝ վարչապետն ասաց, որ ԶՈՒ-ն ենթարկվում է ՀՀ ժողովրդին, վարչապետին, այլ տարբերակ չկա:
Անդրադառնալով հարցին, թե հեղաշրջման վտանգն ավարտվա՞ծ է, թե կա՝ Փաշինյանն ասաց՝ կարծում է, որ հեղաշրջման վտանգը մեծ հաշվով կառավարելի է: «Ես կարծում եմ, որ դա հուզական արձագանք է: Եվ մեր եղբայրներին չպետք է խիստ վերաբերվենք, ուղղակի ներքաշել են մեր ընկերներից ոմանց, բայց նույնիսկ նրանց, ում աշխատանքից ազատելու որոշում կայացրել եմ, բոլորն իմ եղբայրներն են, մեր եղբայրներն են, հայրենիքի զինվորներն են, այնպես որ հանգիստ եղեք»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետը շեշտեց, որ չի կարող տեղի ունենալ որևէ այլ բան, այլ միջադեպ այլ իրավիճակ: «ՀՀ-ում եղբայրության մթնոլորտ պետք է լինի, ինչը չի նշանակում, որ քաղաքական բանավեճ չի լինելու և խոսակցություն տեղի չի ունենալու»,-ասաց նա ու կոչ արեց, որ ոչ մի միջադեպ չգրանցվի:
Անդրադառնալով այլ հարցերի՝ նա նշեց՝ վստահ չէ, որ իր հրաժարականը հարցի լուծում կարող է լինել: «Ես մի քանի առաջարկներ ներկայացրել եմ, ցավոք մերժել են: Կարծում եմ, որ ժողովրդի իշխանությունը պետք է պահպանվի և պաշտպանվի»,-ասաց Փաշինյանն ու խոստացավ ավելի մանրամասն խոսել ժամը 16:00-ին:
Վարչապետը քայլում է Երևանի Կենտրոնի փողոցներով՝ նշելով, որ ժամը 16:00-ին Հրապարակում բացատրելու է խնդրի էությունը, թե ինչ է տեղի ունեցել: Փաշինյանի կողքին է նաև որդին՝ Աշոտ Փաշինյանը: Վարչապետը շեշտեց, որ Հայաստանի ներսում չի կարող բախում լինել:Bottom of Form
Կարծիքներ