Ղազախստանի երեք շրջաններում կդադարեցվի հայտարարված արտակարգ դրությունը
Ղազախստանի իշխանությունները որոշում են ընդունել հունվարի 13-ից երեք շրջաններում դադարեցնել արտակարգ դրությունը, որը ողջ երկրի տարածքում հայտարարվել էր հունվարի սկզբին սկսված անկարգությունների պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի մամուլի ծառայությունը:
Մասնավորապես, այդ որոշումները վերաբերում են Արևմտա-Ղազախական, Հյուսիս-Ղազախական և Պավլոդարի շրջաններին:
ՀԱՊԿ մամուլի քարտուղարն ավելի վաղ հայտնել էր, որ հունվարի 13-ից սկսած Ղազախստանից 10 օրվա ընթացքում դուրս են բերվելու ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը:
Ղազախստանի մի շարք բնակավայրերում հունվարի 2-ից սկսվել էին բողոքի ակցիաներ, որոնք օրերի ընթացքում վերածվեցին զանգվածային անկարգությունների, հարձակումներ իրականացվեցին պետական մարմինների վրա: Անկարգությունների հետևանքով վիրավորվել են հազարավոր մարդիկ, կան զոհեր:
Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել էր, որ երկրում անհրաժեշտ է հակաահաբեկչական գործողություններ իրականացնել և օգնության համար դիմել էր ՀԱՊԿ-ին: Ի պատասխան դիմումի՝ հունվարի 7-ին սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստան են ուղարկվել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր, որոնց կազմում են 100 հայ զինծառայողներ:
Կարծիքներ