Դատարան է ուղարկվել համայնքապատկան հողամասերը ապօրինի կերպով վարձակալության հանձնելու և համայնքին խոշոր չափերով վնաս պատճառելու վերաբերյալ հերթական գործը
Դատախազության հետևողական հսկողության ներքո ՀՀ Շիրակի մարզային քննչական վարությունում քննված քրեական գործով իրականացված նախաքննության ընթացքում ձեռք են բերվել բավարար ապացույցներ այն մասին, որ Շիրակի մարզի Զարիշատ համայնքի նախկին ղեկավար Հ․Խ․-ն պաշտոնավարման ընթացքում, նախապես տեղեկացված լինելով հեռահաղորդակցության օպերատոր ընկերության կողմից համայնքի տարածքում ալեհավաք կայան տեղադրելու, շահագործելու մտադրության մասին՝ 2007թ․դեկտեմբերի 25-ին Շիրակի մարզի Ամասիա համայնքի բնակիչ, իր ծանոթ, կադաստրի պետական կոմիտեի աշխատակից Հ․Հ․-ի հետ կնքել է գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով հողամասերը վարձակալության հանձնելու մասին պայմանագիր։ Դրանով վերջինս Զարիշատ համայնքից վարձակալել է համայնքի վարչական տարածքում գտնվող՝ գյուղատնտեսական նշանակության 2.5 հա մակերեսով հողատարածք՝ 25 տարի ժամկետով՝ տարեկան 12.720 ՀՀ դրամ վարձավճարով:
Մեկ օր անց՝ 2007թ․ դեկտեմբերի 26-ին, համայնքի ղեկավարը տվել է իր համաձայնությունը նշված 2.5 հա գյուղատնտեսական նշանակության նշված հողամասից որևէ տարածք ենթավարձակալությամբ տալուն, և նույն օրը Հ․Հ․-ն իր վարձակալած հողամասից 0,04 հա հողատարածքը ենթավարձակալությամբ հանձնել է բջջային օպերատոր ընկերությանը 24 տարի ժամկետով` ամսական 40.000 ՀՀ դրամ վարձավճարով:
Նշված գյուղատնտեսական նշանակության հողատարածքում տեղադրվել և շահագործվել է ալեհավաք կայան, իսկ համայնքի ղեկավարի գործողությունների արդյունքում Հ․Հ․-ի ընտանիքը մինչև 2016թ․հոկտեմբերի 6-ը ներառյալ ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 4.215.482 ՀՀ դրամ վարձավճարի տեսքով շահույթ, այսինքն համայնքը զրկվել է այդ չափով եկամուտ ստանալու հնարավորությունից:
Նշված հանցավոր արարքները կատարելու համար Զարիշատ համայնքի նախկին ղեկավար Հ․Խ․-ին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նախաքննության ընթացքում նրա կողմից ներկայացվել է պատճառված վնասի վերականգնման մասին վճարման անդորրագիր, որի համաձայն՝ որպես պատճառված վնաս, վերականգնվել է 1.000.000 ՀՀ դրամ:
Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննության առնելու համար։
Կարծիքներ