Իսպանիայում հետաքննություն են սկսել թագավորի և վարչապետի հետ տեղի ունեցած միջադեպի պատճառով
Իսպանիայի քաղաքացիական գվարդիան հետաքննություն է սկսել նոյեմբերի 3-ի միջադեպի առնչությամբ, երբ Ֆելիպե VI թագավորը և վարչապետ Պեդրո Սանչեսը հարձակման էին ենթարկվել զայրացած բնակիչների կողմից, երբ այցելել էին ջրհեղեղից տուժած շրջաններ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Ֆեռնանդո Գրանդե Մառլասկան RTVE հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Ներքին գործերի նախարարը դատապարտել է տեղի ունեցածը՝ նշելով, որ քաղաքացիական գվարդիան հետաքննություն է սկսել։ Գրանդե Մառլասկան ընդգծել է, որ իրադարձությունների զարգացումից կարելի է եզրակացնել, որ միջադեպի ագրեսիվ տրամադրված մասնակիցները գործել են կազմակերպված։
Նոյեմբերի 3-ին Ֆիլիպ VI-ը տիկնոջ՝ Լետիսիայի, վարչապետ Պեդրո Սանչեսի և Վալենսիայի Ինքնավար Համայնքի նախարարների կաբինետի ղեկավար Կառլոս Մասոնի հետ այցելել է երկրի արևելքում ջրհեղեղներից տուժած շրջաններ։ Պայպորտա բնակավայրում բնակիչները ցեխ են շպրտել նրանց վրա, անվանել մարդասպաններ և պահանջել, որ հեռանան։ Վարչապետին ստիպված տարհանել են, իսկ թագավորի ուղևորությունն՝ ընդհատել։ Բացի այդ, կոտրվել են Սանչեսի պատվիրակության մեքենաներից մեկի ապակիները։
Անցյալ շաբաթ Իսպանիայի հարավային և արևելյան մի շարք շրջաններում հեղեղումների պատճառով եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակ էր սահմանվել։ Ամենից շատ տարերքից տուժել է Վալենսիայի Ինքնավար Համայնքը։ Այս պահին հայտնի է ջրհեղեղի հետևանքով գրեթե 220 զոհի մասին։ Անհետ կորածների որոնողական աշխատանքները շարունակվում են:
Կարծիքներ