Ծառուկյանի փաստաբանները ապատեղեկատվություն են տարածում՝ փորձելով ճնշում գործադրել դատարանի վրա
Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ այսօրվա դատական նիստի շրջանակներում լրագրողների հետ հարցազրույց էր ունեցել նաև նրա փաստաբան Երեմ Սարգսյանը, որն ըստ արդարադատության համակարգի պատասխանատուների՝ մի շարք ապատեղեկատվություններ է պարունակել իր մեջ: Ըստ դատական համակարգի՝ քննվող քրեական գործով մեղադրյալ Գագիկ Ծառուկյանի պաշտպանական թիմի կողմից բարձրացված հարցերը, այդ թվում՝ քրեական գործի նախաքննության ենթակայության կանոնների ենթադրաբար խախտման վերաբերյալ, քննարկվել և լուծվել են սույն գործով ուժի մեջ մտած դատական ակտերով:
Ընդ որում, տվյալ հարցը վիճարկվել է ոչ միայն Գագիկ Ծառուկյանի, այլ նաև մյուս մեղադրյալների նկատմամբ ընտրված խափանման միջոցների քննարկման ժամանակ, որի ընթացքում տարբեր կազմերով Դատարանները հիմնավոր չեն համարել պաշտպանության կողմի փաստարկները: Ինչ վերաբերվում է սույն գործի քննության այսպես կոչված արագացված ժամկետների վերաբերյալ պաշտպանության կողմի պնդումներին, ապա այդ կապակցությամբ ևս դատական համակարգից մեզ փոխանցեցին, որ գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման համար մարդու իրավունքների եվրոպական դատարանը սահմանել է հստակ չափորոշիչներ, առավել ևս, երբ խոսքը վերաբերվում է մինչդատական վարույթում դատական վերահսկողության շրջանակներում կայացվող որոշումներին, հետևաբար առնվազն անհասկանալի է, թե ինչու է պաշտպանության կողմը մտահոգված Գագիկ Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոցի քննության հարցի ժամկետների վերաբերյալ: Այս ամենով հանդերձ ակնհայտ է դառնում, որ պաշտպանության կողմը կարող է քննության այս փուլում իրացնել քրեադատավարական օրենքով նախատեսված իր իրավունքները, այդ թվում՝ բացարկներ, ինքնաբացարկներ, միջնորդություններ ներկայացնելու եղանակով, հետևաբար դատական պրոցեսում վիճարկված և արդեն իսկ դատական ակտերով լուծված հարցերը զանգվածային լրատվամիջոցներով դարձյալ ներկայացնել իբրև վերջին ճշմարտություն, առնվազն կարող է ընկալվել նույն Դատարանի վրա անուղղակիորեն ճնշում գործադրելու փորձ:
Կարծիքներ