ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել է Սյունիք, հանդիպել մարզպետի հետ
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին։
Դեսպանը նախ՝ շնորհավորել է մարզպետին նշանակման կապակցությամբ, ապա նշել՝ հասկանում է՝ հիմա մարտահրավերներով լի շրջան է Սյունիքի համար, և հավելել, որ դեսպանատունը շարունակում է իր աջակցությունն ԱՄՆ կառավարության տարբեր կառույցների միջոցով։
Ռոբերտ Ղուկասյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ներդրումներով մարզում իրականացված ծրագրերի, հատկապես ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) միջոցով գյուղական համայնքներում կատարված աշխատանքների համար՝ ցանկություն հայտնելով դրանք շարունակելի տեսնել։
Մարզպետը նաև կարևորել է դեսպանի՝ պարբերաբար Սյունիք այցելելը՝ նշելով, որ տեղի բնակիչների համար դա որոշակի ցուցիչ է։
Բարձրաստիճան դիվանագետն ու մարզի ղեկավարը մի շարք հարցեր են քննարկել՝ ուղղված մարզի սոցիալ-տնտեսական, ճանապարհաշինական, գյուղատնտեսական, տնտեսության դիվերսիֆիկացման, կրթական, երիտասարդական հարցերին ու առհասարակ՝ Սյունիքի զարգացման ուղղություններին։
Դեսպանը կարևորել է Սյունիքում զբոսաշրջության զարգացումը՝ նշելով, որ այս առումով մարզը մեծ ներուժ ունի, ու դա պետք է ներկայացնել մարդկանց։
Կողմերի միջև հետագա համագործակցության և փոխգործակցությունը շարունակելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։
Կարծիքներ