Իսրայելը պնդում է, որ տեղեկություններ ունի Իրանի կողմից Իսրայելի վրա հարձակում նախապատրաստելու մասին
Իսրայելը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող հետախուզական տվյալները, ԱՄՆ-ին տեղեկացրել է, որ Իրանը պատրաստվում է իր տարածքից հրթիռային հարված հասցնել Իսրայելին՝ ի պատասխան Սիրիայում իր հյուպատոսության գնդակոծության: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Axios լրատվական հարթակը՝ հղում անելով իսրայելական աղբյուրների:
«Իսրայելի պաշտոնատար անձինք պնդում են, որ իրենք հետախուզական տվյալներ ունեն, որոնք ցույց են տալիս, որ Իրանը կարող է Իսրայելի վրա գրոհել իր տարածքից՝ օգտագործելով մեծ հեռահարության բալիստիկ հրթիռներ, թևավոր հրթիռներ կամ անօդաչու թռչող սարքեր», - ասվում է հրապարակման մեջ:
Իսրայելն ԱՄՆ-ին հայտնել է, որ եթե Իրանը գրոհ ձեռնարկի իր տարածքից, ապա Իսրայելը վճռական պատասխան կտա դրան, և ներկայիս հակամարտությունը կհասնի այլ մակարդակի, Axios-ին հաղորդել են Իսրայելի պաշտոնատար անձինք:
Հարթակը, վկայակոչելով ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնյաներին, գրում է, որ Իրանի գործողությունների հետևանքով էսկալացման նախապատրաստման և համակարգման հարցը մանրամասն քննարկվել է Իսրայելի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարներ Յոավ Գալանտի ու Լլոյդ Օսթինի` ապրիլի 3-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ապրիլի 4-ին երկրի անվտանգության կաբինետի նիստում հայտարարել է. «Մենք կիմանանք, թե ինչպես պաշտպանել մեզ, և կգործենք հիմնական սկզբունքին համապատասխան. ով մեզ վնաս է պատճառել կամ պլանավորում է վնաս պատճառել, մենք նրան վնաս կպատճառենք»,-ասվում է նրա գրասենյակի հայտարարության մեջ։
Ինչպես հայտնել է Սպիտակ տունը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Իրանի կողմից Իսրայելին ուղղված սպառնալիքները։
«Նախագահ Բայդենը հստակ հասկացրել է, որ ԱՄՆ-ն վճռականորեն աջակցում է Իսրայելին նման սպառնալիքների դեպքում», - նշել են Սպիտակ տանը։
Ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի հյուպատոսարանը ենթարկվել է հարձակման, որի մեջ Իրանը մեղադրում է Իսրայելին: Իսրայելը ո՛չ հերքել է, ո՛չ հաստատել հյուպատոսարանին հարվածելու մեղադրանքները: Հարձակման ժամանակ զոհվել է յոթ ռազմական խորհրդական, այդ թվում՝ գեներալներ Մոհամմադ Ռեզա Զահեդին և Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմին և հինգ սպաներ: Բացի այդ, ըստ տարբեր ԶԼՄ-ների, զոհվել են 6 սիրիացիներ։ Իրանի իշխանությունները խոստացել են պատասխան միջոցներ ձեռնարկել։
Կարծիքներ