Հայտնաբերվել և վնասազերծվել է հրթիռակասետային 14 ռումբ, 12 պայթուցիչ, 16 արկ. ԱԻՊԾ ամփոփում

Հայտնաբերվել և վնասազերծվել է հրթիռակասետային 14 ռումբ, 12 պայթուցիչ, 16 արկ. ԱԻՊԾ ամփոփում

2022 թվականի մարտի 7-13-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 839 զանգ:

Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 12 ելք, որից մեկը՝ չոր խոտածածկ տարածքում, 3-ը աղբանոցներում:

 

Հրդեհի մեկ դեպք գրանցվել է մարտի 12-ին՝ ժամը 12:50-ին, Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան 7 հասցեում: Դեպքի վայր մեկնած մարտական հաշվարկը և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը բնակչությանը ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն և մարել հրդեհը: Նախնական տվյալների համաձայն՝ Ստեփանակերտ քաղաքի բնակչին պատկանող բնակարանում այրվել է գազի բալոնից արտահոսող գազը:

 

Մարտի 13-ին՝ ժամը 19:28-ին, Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել Հեքիմյան 10 հասցեում բռնկված հրդեհի մասին:

 

Դեպքի վայր մեկնած մարտական հաշվարկը հրդեհը մարել է ձեռքի միջոցներով: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:36-ին, մարվել` ժամը 19:45-ին: Նախնական տվյալների համաձայն՝ հրդեհի պատճառ է հանդիսացել էլեկտրալարերի կարճ միացումը։

 

Արձանագրված բոլոր դեպքերը, հրշեջ-փրկարարների հմուտ ու արագ գործողությունների շնորհիվ ժամանակին կանխվել են, տուժածներ չկան:

 

Զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների (մասունք) որոնողական աշխատանքները այս շաբաթ շարունակվել են Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող սահմանամերձ շրջաններում, որտեղ ընթացել են ակտիվ մարտական գործողություններ: Ցավոք, այս շաբաթ որոնումներն արդյունք չեն տվել:

 

Տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման ուղղությամբ սակրավորական խմբերը, գործընկեր կառույցների հետ մեկտեղ, շաբաթվա ընթացքում կատարել են 3 ելք, որի արդյունքում Ասկերան և Ստեփանակերտ քաղաքների հարակից տարածքում հայտնաբերվել և վնասազերծվել է հրթիռակասետային 14 ռումբ, 12 պայթուցիչ, 16 արկ, ձեռքի 8 և նռնականետի 11 նռնակ:

 

Նշված ժամանակահատվածում գրանցվել է տեխնածին բնույթի 28, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 31 կանչ: Փրկարարները կատարել են դռան 6 և վերելակի 7 բացում, առողջական խնդիր ունեցող 6 քաղաքացու տեղափոխում: Բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով կատարվել է 2 ելք: Շաբաթվա ընթացքում փրկարարներն արձագանքնել են այլ բնույթի ևս 10 կանչի:

 

ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը շարունակում է շուրջօրյա ուժեղացված ծառայությունը ԱՀ ամբողջ տարածքում: Ցանկացած իրավիճակում զանգահարեք՝ 911, 101, 112 օգնության ու փրկության հեռախոսահամարներին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում