Որոշումները կայացվել են ԱԽ նիստերին՝ ԱԳ նախարարի մասնակցությամբ. Ավինյան
Անվտանգության խորհրդի բոլոր անդամները, այդ թվում` Արտաքին գործերի գերատեսչության ղեկավարը տեղեկացված են եղել կառավարության ունեցած բոլոր քննարկումներից: Այս մասին վստահեցրեց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով ԱԳ նախարարի պաշտոնակատարի պաշտոնից հրաժարական տված Արա Այվազյանի մասին հարցին:
Ինչ վերաբերում է Արա Այվազյանի բարձրաձայնած խնդրին՝ նա ասաց. «Ուզում եմ շատ կարևոր փաստ արձանագրենք. մայիսի 12-ի միջադեպի օրվանից սկսած գրեթե ամենօրյա ռեժիմով մենք ունեցել ենք Անվտանգության խորհրդի նիստեր, ԱԳ նախարարն ի պաշտոնե այդ նիստերին մասնակցում է: Այդ նիստերին քննարկվել են բոլոր հարցերը: Այն որոշումները, որոնք կայացվել են, կայացվել են հենց այդ նիստերին՝ ԱԳ նախարարի մասնակցությամբ: ԱԽ բոլոր անդամները տեղեկացված են եղել մեր ունեցած բոլոր քննարկումներից»:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք Այվազյանը վարչապետի՝ զորքերը հայելային տարբերակով հետ քաշելու առաջարկի մասով անհամաձայնություն ունեցե՞լ է՝ Ավինյանը որևէ մեկնաբանություն չարեց՝ շեշտելով, որ այդ մասին Այվազյանը պետք է հայտնի: Նա կրկին վստահեցրեց, որ կայացված բոլոր որոշումների մասով նվազագույնը քննարկում եղել է:
Ավինյանը նաև հայտնեց, թե ինչու չի ստորագրվել Արտաքին գործերի մեկ փոխնախարարի՝ Արմեն Ղևոնդյանի ազատման դիմումը:
«Որովհետև Արտաքին գործերի նախարարությունում չէր կարող նախարարի պարտականություններն առհասարակ կատարող չլինել: Դա է հիմնական պատճառը»,-ասաց նա:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Հայաստան-Ադրբեջան սահմանային իրադրության լարվածության թոթափման նպատակով մայիսի 27-ին ԱԽ նիստում առաջարկել էր Սոթք-Խոզնավար հատվածում հետ քաշել և հայկական, և ադրբեջանական զինուժը, տանել մշտական տեղակայման վայրեր, տեղակայել միջազգային դիտորդներ՝ Ռուսաստանի Դաշնության կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչների ներգրավմամբ: Արա Այվազյանի ԱԳ նախարարի պաշտոնակատարի պաշտոնից հրաժարականի մասին հայտնի էր դարձել մայիսի 27-ին: Արա Այվազյանը մայիսի 31-ին ԱԳՆ-ում ունեցած հրաժեշտի հանդիպմանը հայտարարել է. «Ես շատ դժվարությամբ եմ այս որոշումն ընդունել, բայց երբ ստանձնել եմ այս պաշտոնը, ինձ համար եղել է մի չափանիշ. այս նախարարությունը, որ ծնունդն է անկախության, պետք է անշեղորեն պաշտպանի մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը, մեր պետական, ազգային շահերը։ Հուսով եմ, որ ձեզ ամոթով չեմ թողել, և իմ հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց այդ պատճառով, որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել»։
ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը հունիսի 7-ին տեղեկացրել էր, որ ՀՀ ԱԳ նախարարի բոլոր տեղակալները ներկայացրել են աշխատանքից ազատման դիմումներ, որոնք համապատասխան միջնորդագրերով ուղարկվել են վարչապետի աշխատակազմ: Հունիսի 8-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը ստորագրել էր երեք փոխնախարարներին՝ Ավետ Ադոնցին, Արտակ Ապիտոնյանին և Գագիկ Ղալաչյանին ազատելու որոշումները:
Կարծիքներ