Կփորձենք սխալ որոշում չկայացնել. Լևոն Տեր-Պետրոսյանը` խորհրդարանում հնարավոր համագործակցության մասին
Հայաստանում հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող ՀԱԿ-ը չի շտապում ներկայացնել, թե Ազգային ժողովում հնարավոր ինչպիսի համագործակցություն է պլանավորում այլ քաղաքական ուժերի հետ:
ՀԱԿ-ի ցուցակը գլխավորող, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրավիրված ասուլիսում նշեց, որ խորհրդարանում համագործակցության հարցում կփորձեն սխալ որոշում չկայացնել:
«Իմ առաջարկը Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին, գիտեք, մերժվել է, և այլևս դրան վերադառնալը հնարավոր չէ: Ուրիշ բան, եթե խորհրդարանում այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ մենք էլ անցնենք, Նիկոլ Փաշինյանն էլ, Ռոբերտ Քոչարյանն էլ, և որևէ մեկը մեծամասնություն չունենա, ապա ստիպված գնալու են կոալիցիա կազմելու: Ես կողմ եմ համերաշխության կոալիցիային, թեպետ այդ «կոալիցիա» կոչվածը Հայաստանի համար նոր խնդիրներ ստեղծելու մի երևույթ է: Իրավիճակը կարող է վեց ամիսը մեկ փոխվել, կընկնենք այն երկրների շարքը, որ տարին մեկ կառավարություն են փոխում: Եթե այլ ելք չկա, իհարկե, ապա պետք է փորձենք: Կփորձենք սխալ որոշում չկայացնել»,- ասաց Լևոն Տեր Պետրոսյանը:
Հայաստանում հունիսի 7-ին պաշտոնապես մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին: Ընտրություններին մասնակցում են երկուսուկես տասնյակից ավելի քաղաքական ուժեր:
Կարծիքներ