ՔՊ-ն գլխավոր դատախազի պաշտոնում կառաջադրի Աննա Վարդապետյանի թեկնածությունը
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում կառաջադրի Աննա Վարդապետյանի թեկնածությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկությունը հաստատեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
«Տիկին Վարդապետյանը թե իր մասնագիտական որակներով, թե իր բարձր բարոյական ու արժեքային հատկանիշներով, նաեւ օրենսդրությամբ սահմանված պահանջներով համապատասխանում է այն կարեւորագույն առաքելությանը, որը մեր կարծիքով պետք է ունենա ապագա ՀՀ գլխավոր դատախազը»,-ասաց նա:
Կոնջորյանը վստահ է, որ Վարդապետյանն ընտրվելուց հետո միանշանակ կատարելու է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով իրեն լիազորված գործողությունները և լինելու է Սահմանադրության, օրենսդրության և իր խղճի առջև մաքուր ու պատասխանատու:
Սեպտեմբերի 16-ին լրանում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը: Գլխավոր դատախազն Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրվում է Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով։
Կարծիքներ