Կառավարությունը հետևողականորեն աջակցում է ներառականության գործընթացին. ՀՀ վարչապետ

Կառավարությունը հետևողականորեն աջակցում է ներառականության գործընթացին. ՀՀ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի անդամներին: Հանդիպմանը մասնակցել են շահագրգիռ պետական գերատեսչությունների և կառույցների ներկայացուցիչներ:

Վարչապետ Փաշինյանը ողջունել ու կարևորել է նման ձևաչափով հանդիպումները, որոնք արդյունավետ հարթակ են ներառականության գործընթացին վերաբերող խնդիրները և դրանց լուծման ուղիները քննարկելու համար:

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի համակարգող Մուշեղ Հովսեփյանը ողջունել է Կառավարության՝ ներառականության գործընթացն ուշադրության կենտրոնում պահելու և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը օրենսդրական նախաձեռնություններով աջակցելու քաղաքականությունը: Անդրադառնալով կոալիցիայի գործունեությանը՝ նա նշել է, որ այն Հայաստանում գործող 14 կազմակերպությունների միություն է, ձևավորվել է 2017 թ. և իրավական աջակցություն է տրամադրում հաշմանդամություն ունեցող անձանց:

Հանդիպմանը քննարկման առարկա են դարձել ներառականությանն առնչվող թե՛ բովանդակային, թե՛ օրենսդրական, թե՛ տեխնիկական հարցեր: Կոալիցիայի անդամները Նիկոլ Փաշինյանին են ներկայացրել մի շարք խնդիրներ, որոնք վերաբերում էին հաշմանդամություն ունեցող անձանց համար անկախ կյանքի ռեսուրս կենտրոնների ստեղծմանը, կրթության հասանելիությանը, սուբվենցիոն ծրագրերով ստեղծվող ենթակառուցվածքների մատչելիությանը, ցերեկային խնամքի ծառայությունների ավելացմանը, հոգեկան առողջության պահպանման ռազմավարությանը, աջակցող տեխնոլոգիաների մշակմանը և այլն: Նրանք գոհունակություն են հայտնել Երևանում հանրային տրանսպորտի մատչելիության կապակցությամբ և նշել, որ մարզերում ևս տրանսպորտի հասանելիությունը բարձրացնելու խնդիր կա:

Վարչապետը, անդրադառնալով հարցադրումներին, նշել է, որ Կառավարությունը հետևողական է ներառականության գործընթացին աջակցելու գործում, և այդ նպատակով այս տարի պետական բյուջեից հատկացվել է 4 մլրդ դրամ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն էլ ներկայացրել է պետական ծրագրերն ու բարձրացված խնդիրների համատեքստում ձեռնարկվող քայլերը:

Մտքերի փոխանակության շրջանակում քննարկվել են ընթացիկ բարեփոխումները և ներառականության խթանման ուղղությամբ համատեղ անելիքները:

Կառավարության ղեկավարը նկատել է՝ 2018 թվականից ի վեր չի եղել ծրագիր, որը չիրականացվի ֆինանսական միջոցների բացակայության պատճառով, և ըստ այդմ պետք է կենտրոնանալ բովանդակային ծրագրերի իրականացման վրա՝ առանցքում ունենալով կրթության և զբաղվածության ապահովման բաղադրիչները: Վարչապետն առաջարկել է ԱՍՀՆ-ՀԿ սեկտոր-ԱԺ համագործակցությամբ գույքագրել առկա կարիքները ըստ խմբերի և պետական աջակցության ռազմավարությունը կառուցել այդ կարիքների հասցեական սպասարկման շուրջ:

Քննարկման արդյունքներով Նիկոլ Փաշինյանը հանձնարարականներ է տվել պատասխանատուներին, ինչպես նաև առաջարկել ՀԿ ներկայացուցիչներին՝ հանդես գալ խնդիրների լուծման առաջարկներով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում