Միրզոյանը Բորելի հետ քննարկել է Արցախում ահագնացող հումանիտար ճգնաժամը
Օգոստոսի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ: Քննարկվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամը:
Արարատ Միրզոյանը շեշտել է Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման հրամայականը` համաձայն Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումների, և ԼՂ սննդի, դեղորայքի և առաջնային անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարման հրատապությունը:
Ընդգծվել է ԼՂ մուտք ունեցող միակ միջազգային հումանիտար կազմակերպության՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի լիարժեք և անխափան գործունեության ապահովման անհրաժեշտությունը։
ԱԳ նախարարը միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտում է որակել ԼՂ-ից բժշկական նպատակով Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանի՝ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների կողմից առևանգման դեպքը:
Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը վերահաստատել է ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի՝ միջազգային մեխանիզմի ներքո հասցեագրման կարևորության հարցում հայկական կողմի դիրքորոշումը:
Ընդգծվել է միջազգային գործընկերների կողմից հստակ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ կանխելու Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտմանն ուղղված գործողությունները։
Կարծիքներ