Զախարովան պատասխանել է Էրդողանի առաջարկին
Ուկրաինայի արևելքում հակամարտության կարգավորման հարցում Թուրքիայի որևէ միջնորդական դերի մասին խոսք չկա։ Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը Դոնբասում իրավիճակի կարգավորման հարցում Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև միջնորդ դառնալու Անկարայի պատրաստակամության մասին։
«Ներուկրաինական հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Թուրքիայի որևէ միջնորդական դերի մասին խոսք լինել չի կարող»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է նա։
Միաժամանակ դիվանագետը հիշեցրել է, որ Ռուսաստանը այս հակամարտության կողմ չէ՝ ընդգծելով, որ դրա մասնակիցները Կիևը, Դոնեցկն ու Լուգանսկն են։
«Մենք, անկասկած, երախտապարտ ենք թուրքական կողմին, մասնավորապես՝ Թուրքիայի նախագահին՝ ներուկրաինական կարգավորմանը նպաստելու ցանկության համար։ Այս ուղղությամբ կարևոր քայլ կարող է լինել նրա ներդրումը Ուկրաինայի իշխանություններին համոզելու, որ հրաժարվեն Դոնբասի դեմ ագրեսիվ ծրագրերից և, վերջապես, սկսեն իրականացնել Մինսկի պայմանավորվածությունները Դոնեցկի և Լուգանսկի ներկայացուցիչների հետ ուղիղ երկխոսության միջոցով»,- ամփոփել է Զախարովան։
Կարծիքներ