Արցախի ՄԻՊ-ը աշխատանքային այց է կատարել ԱՀ Մարտունի քաղաք

Արցախի ՄԻՊ-ը աշխատանքային այց է կատարել ԱՀ Մարտունի քաղաք

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները Պաշտպանի գլխավորությամբ այցելել են ԱՀ Մարտունի քաղաք և իրականացրել քաղաքացիների ընդունելություններ:

Հանդիպումների ժամանակ քաղաքացիների իրավունքների պատշաճ իրացման համար Պաշտպանի և աշխատակազմի կողմից տրվել է իրավական խորհրդատվություն, որոշ հարցերի վերաբերյալ աշխատակազմում նախաձեռնվել են քննարկումներ։

Աշխատակազմի ներկայացուցիչները մշտադիտարկման այց են կատարել նաև Մարտունու Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 1 և Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 2 հիմնական դպրոցներ և հանդիպել դպրոցների տնօրինության, ուսուցչական անձնակազմերի և աշակերտների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են ուսուցիչների աշխատանքային իրավունքների և երեխաների կրթական իրավունքների իրացման համար անհրաժեշտ պայմանների՝ մասնավորապես՝ շենքային պայմանների, դպրոցներում սանիտարահիգիենիկ իրավիճակի, դասապրոցեսների հետ կապված հարցեր։

Ուսումնասիրությունների և առանձնազրույցների ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի գլխավորած աշխատանքային խումբը արձանագրել է որոշ համակարգային հիմնախնդիրներ ու անհատական բողոքներ, որոնց լուծման ուղղությամբ պաշտպանը իր իրավասությունների շրջանակներում համապատասխան առաջարկներ է ներկայացնելու պետական լիազոր մարմիններին:

Այցի ընթացքում արձանագրված խնդիրների, իրավունքների պաշտպանության ընդհանուր իրավիճակի և շրջանում բնականոն կյանքի վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ Պաշտպանը քննարկում է ունեցել նաև ԱՀ Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավարի հետ։

Գեղամ Ստեփանյանը մշտադիտարկման այց է կատարել նաև ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին, ծանոթացել ձերբակալված անձանց պահման պայմաններին։ Արձանագրվել են պահման պայմանների հետ կապված մի շարք խնդիրներ, որոնք խոչընդոտում են ձերբակալված անձանց՝ ԱՀ օրենսդրությամբ և միջազգային կոնվենցիաներով սահմանված իրավունքների պաշտպանությանը։ Արձանագրված խնդիրներն ու առկա պայմանների բարելավման ուղղությամբ Պաշտպանի առաջարկները ուղարկվելու են ԱՀ ներքին գործերի նախարարություն։
Նման ձևաչափով այցեր են նախատեսվում նաև Արցախի Հանրապետության այլ համայնքներ:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում