Հայաստան-Կորեա բարեկամական խմբի վերաձևավորումից հետո երկու խորհրդարանների շփումներն ու փոխգործակցությունն առավել կխորանան և կամրապնդվեն․ ԱԺ նախագահ
Վիեննայում ընթացող Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի շրջանակում այսօր հանդիպեցի Կորեայի Հանրապետության ԱԺ նախագահ Պակ Բյոն-Սոկին,- ֆեյսբուքի իր էջում հայտնում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Հանդիպմանը համոզմունք հայտնեցի, որ ՀՀ Ազգային ժողովում Հայաստան-Կորեա բարեկամական խմբի վերաձեւավորումից հետո երկու խորհրդարանների շփումներն ու փոխգործակցությունն առավել կխորանան և կամրապնդվեն։
Հատկանշական է Կորեայի կառավարության կողմից ՀՀ ԱԺ-ին տեխնիկական աջակցություն ցուցաբերելու փաստը։ Փաստ է, որ Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (KOICA) կողմից Հայաստանում իրականացվել են տարաբնույթ ծրագրեր: Գործընկերոջս մանրամասն տեղեկատվություն տրամադրեցի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլի մասին։
Կորեայի Հանրապետության ԱԺ նախագահը ի պատասխան նշեց՝ որպես պատերազմներ վերապրած ազգի ներկայացուցիչ՝ լավ է հասկանում այդ ցավը և խնդրեց փոխանցել իր սատարումն ու աջակցությունը զոհվածների և ռազմագերիների ընտանիքի անդամներին: Գնահատելի է Կորեայի դրսեւորած հավասարակշռված և չեզոք դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում»,- գրել է ԱԺ նախագահը։
Կարծիքներ