Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածում ցամաքային գործողությունն ընդլայնելու մասին

Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածում ցամաքային գործողությունն ընդլայնելու մասին

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ ընդլայնում է իր ցամաքային գործողությունը «ՀԱՄԱՍ-ի կենտրոնների դեմ ամբողջ Գազայի հատվածում»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԻՊԲ խոսնակ Դանիել Հագարին։

Հագարին նշել է, որ իսրայելցի զինվորները դեմ առ դեմ կռվում են պաղեստինցի զինյալների հետ։

Ըստ BBC-ի՝ Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածի հարավային հատվածներին, ուր տեղահանվել են Գազայի հյուսիսից հարյուր հազարավոր մարդիկ։

Առավոտյան ԻՊԲ-ն X սոցիալական ցանցի իր էջում քարտեզ էր տեղադրել՝ պաղեստինցիներին հորդորելով դուրս գալ Գազայի հատվածի մոտ 20 վայրերից և շարժվել դեպի է՛լ ավելի հարավ։

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի խոսնակը հայտարարել է, որ յուրաքանչյուր 10 րոպեն մեկ ռումբեր են ընկնում, և մտավախություններ կան Գազայի հարավում Իսրայելի ռազմական գործողությունների ծանր հետևանքների վերաբերյալ՝ չնայած ԱՄՆ-ն կոչ էր արել Գազայի հարավում թույլ չտալ այն ավերածությունները և մարդկային զոհերը, որ եղել էին հյուսիսում։

Ըստ BBC-ի՝ ՄԱԿ-ի պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ պաղեստինցիներն այլևս փախչելու տեղ չունեն։ Ըստ ՄԱԿ-ի գնահատումների՝ Գազայի 1,8 միլիոն բնակիչ արդեն տեղահանվել է։

Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական կազմակերպության ներխուժումից հետո Իսրայելը պատերազմ է հայտարարել ՀԱՄԱՍ-ին և ռմբակոծում է Գազայի հատվածը։ ՀԱՄԱՍ-ի ներխուժման հետևանքով Իսրայելում զոհերի թիվը 1200 է։ Իսրայելը հայտարարել է նաև, որ զոհված իսրայելցի զինվորների թիվը հասել է 398-ի։ Պաղեստինցիների շրջանում զոհերի թիվը գերազանցել է 15 500-ը։ ՀԱՄԱՍ-ի մոտ դեռ գտնվում է Իսրայելից գերեվարված 136 մարդ։

Կողմերի միջև 7-օրյա հրադադարի ընթացքում 105 գերիներ փոխանակվել են իսրայելական բանտերում գտնվող 240 բանտարկյալների հետ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում