ԲԴԽ պատվիրակությունը հյուրընկալվել է Մոսկվայի քաղաքային դատարանում
Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում գտնվող Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի գլխավորած պատվիրակությանը հյուրընկալել են Մոսկվայի քաղաքային դատարանում: Այս մասին հայտնեցին Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Այցը կրել է ճանաչողական բնույթ: Մոսկվայի քաղաքային դատարանի նախագահ Միխայիլ Պտիցինը հայ գործընկերներին ներկայացրել է դատարանի կառուցվածը, դատավորների ծանրաբեռնվածության ցուցանիշները: Հայ և ռուս գործընկերները մտքեր են փոխանակել երկու երկրների մայրաքաղաքային դատարանների գործունեության առանձնահատկությունների և ընդհանրությունների, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման փորձի, մասնավորապես՝ պանդեմիայի պայմաններում էլեկտրոնային արդարադատության կիրառման ծավալների և արդյունավետության վերաբերյալ:
Հայկական պատվիրակության ղեկավարն ընդգծել է բարեկամ երկրների դատական համակարգերի միջև նորովի ձևավորվող փոխգործակցության կարևորությունը և վստահություն հայտնել, որ լավագույն և առաջադեմ փորձի փոխանակումը միանշանակ իր դրական ազդեցությունը կունենա դատական ինստիտուտների բարեփոխման և կատարելագործման ճանապարհին:
Կարծիքներ