Հայկական կողմն իրավիճակին մոտենում է էսկալացիա թույլ չտալու տրամաբանությամբ. ԱԱԾ պարզաբանումը
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել ՀՀ տարածքը Լաչինի միջանցքին կապող երթուղու հատվածում ադրբեջանական կողմի առաջխաղացման մասին:
Հաղորդագրությունում նշվում է.
«Համաձայն 2022թ. օգոստոսին ձեռք բերված պայմանավորվածությունների, 2023թ. ապրիլի 1-ից ԼՂ-ն Հայաստանին կապող Լաչինի միջանցքը պետք է ավարտվի Կոռնիձորի կամուրջին: ՀՀ տարածքը Լաչինի միջանցքին կապող երթուղին ապրիլի 1-ից պիտի անցնի Կոռնիձոր-Տեղ երթուղիով՝ միայն ՀՀ տարածքով:
2022թ. օգոստոսից հետո Լաչինի միջանցքը ՀՀ-ին կապող ճանապարհի մի հատվածը՝ Կոռնիձորի կամուրջից հետո կրկին անցնում էր Ադրբեջանի տարածքով: Ճանապարհի այդ հատվածն իր ամբողջ երկայնքով եւ իր հարակից տարածքով վերահսկվում էր ՌԴ խաղաղապահ ուժերի կողմից:
Համաձայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նախօրեին ձեռք բերված պայմանավորվածությունների երկու երկրների սահմանապահները մարտի վերջին օրերին վերոհիշյալ հատվածի երկայնքով պետք է տեղակայվեին սահմանի երկու կողմերում:
Տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ: Որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել եւ իրականացրել ինժեներական աշխատանքներ:
Հայկական կողմի հաշվարկներով հինգ այդպիսի կետ կա, որտեղ ադրբեջանական կողմը սահմանից 100-ից 300 մետր ավելի առաջ է տեղակայվել: Այժմ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ երկու կողմերի քարտեզագիրները ճշգրտեն իրավիճակը:
Հայկական կողմն իրավիճակին մոտենում է էսկալացիա թույլ չտալու տրամաբանությամբ:
Խնդրո առարկա հատվածում ՀՀ բանակը դիրքեր չի ունեցել, որովհետեւ դիրքեր տեղակայվում են ոչ թե սահմանի գծին, այլ մոտակա ռազմավարական բարձունքների վրա: Իսկ սահմանի այդ հատվածի պահպանությունը պետք է անցներ սահմանապահ զորքերին՝ համաձայն վերը հիշատակված պայմանավորվածության»:
Կարծիքներ