Մերձավոր Արևելքի ներուժը չի կարող իրացվել առանց Պաղեստինի․ Հորդանանի վարչապետ
Մերձավոր Արևելքի տարածաշրջանը երբեք չի կարողանա իրացնել իր ներուժը, եթե չկատարվի պատմական Պաղեստինի հողերում երկու անկախ պետություններ ստեղծելու որոշումը։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին Դոհայում կայացած ֆորումի ժամանակ հայտարարել է Հորդանանի վարչապետ Բիշեր Հասավնին։
«Առանց երկու անկախ պետությունների՝ Իսրայելի և Պաղեստինի ստեղծման որոշման, տարածաշրջանային սերտ համագործակցության կամ ինտեգրման հասնելու հնարավորություն չի լինի»,- ասել է Հորդանանի վարչապետը։
Խոսելով արաբական մի շարք երկրների հետ կնքված համաձայնագրերի մասին՝ նա նշել է, որ երկկողմ խաղաղության համաձայնագրերի իրականացման շրջանակն ակնհայտորեն սահմանափակ է լինելու, և Իսրայելի հետ նրանց հարաբերությունների զարգացման մեջ միայն փոքր առաջընթաց կարող է լինել՝ առանց երկու անկախ պետությունների ստեղծման:
Նա հույս է հայտնել, որ պաղեստինյան տարածքներում իրավիճակի ներկայիս վատթարացումը կստիպի վերադառնալ հիմնական խնդրին և զգալի առաջընթաց արձանագրել կոնֆլիկտի հանգուցալուծման գործում։
Կարծիքներ