Երևանում կայացել է ԵԱՏՄ ընդլայնված կազմով նիստը (լուսանկարներ)
Երևանում այսօր՝ նոյեմբերի 19-ին, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացել են Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստի աշխատանքները:
Նիստին մասնակցել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը և ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները` Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինը, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Ակիլբեկ Ժապարովը։
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում քննարկվել են օրակարգային մի շարք հարցեր։ Մասնավորապես, արծարծվել են 2020թ. փոխադարձ առևտրի հետ կապված իրավիճակին, ագրոարդյունաբերական համալիրի զարգացմանը, 2021-2024թթ. ԵԱՏՄ երկրների մետաղագործական ձեռնարկությունների հումքով ապահովման միջոցառումների ծրագրին, կլիմայական օրակարգի մասով Միության պետությունների դիրքորոշումների մոտարկման աշխատանքներին վերաբերող հարցեր։ Քննարկման առարկա են դարձել ԵԱՏՄ-ում փոխադրումներին հետևելու համար նավիգացիոն կնիքների կիրառման մասին Համաձայնագիրը, ԵԱՏՄ կենսաբանական անվտանգության ռազմավարության նախագիծը, էլեկտրոնային առևտրի զարգացման և օրակարգում ընդգրկված այլ հարցեր։ Նիստի արդյունքներով ստորագրվել են փաստաթղթեր։
Որոշվել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2022թ. հունվարին, Ալմաթիում։
ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը ներկայացրել է լուսանկարներ՝ նիստից:
Կարծիքներ