Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն համաձայնության են եկել միջուկային օբյեկտում տեսախցիկների տեղադրման շուրջ

Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն համաձայնության են եկել միջուկային օբյեկտում տեսախցիկների տեղադրման շուրջ

Իրանը և ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը համաձայնության են եկել Քարաջի միջուկային օբյեկտում տեսախցիկների անհապաղ վերատեղադրման հարցի շուրջ։ The Guardian պարբերականի փոխանցմամբ՝ սա կարևոր քայլ է միջուկային ավելի ընդգրկուն բանակցությունները շարունակելու և Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները չեղարկելու համար։

Իրանը ուսումնասիրելու նպատակով հանել էր Քարաջի հին տեսախցիկները հունիսից հետո, երբ Թեհրանն Իսրայելին մեղադրեց օբյեկտի տեսախցիկները հաքերային հարձակման ենթարկելու մեջ։ Ըստ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ տեսախցիկները, որոնք կտեղադրվեն առաջիկա օրերին, կփոխարինեն հներին։ Գործակալությունն այս համաձայնությունն անվանել է կարևոր զարգացում Իրանի գործողությունների ստուգման և մոնիթորինգի համար։

Կողմերի միջև ձեռք բերված այս համաձայնությունը որոշ քննադատության է առաջացել Իրանի պահպանողականների շրջանում, որոնք սա որակել են որպես անհարկի զիջում, մինչդեռ իշխանամետ գործիչները հայտնել են, որ այս գործարքը թույլ չի տա Արևմուտքին խուսափել Վիեննայի բանակցությունների օրակարգում առկա այլ հարցերի շուրջ բանակցելուց։

Հիշեցնենք՝ Վիեննայում բանակցություններ են ընթանում 2015 թ.-ին ստորագրված Գործողությունների համատեղ համապարփակ պլանը վերականգնելու շուրջ։ Հիշեցնենք՝ 2018 թ.-ին ԱՄՆ-ի այդ ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփը դուրս էր եկել միջուկային գործարքից և վերականգնել Թեհրանի դեմ պատժամիջոցները։ Ի պատասխան՝ Իրանը փուլ առ փուլ հրաժարվել էր միջուկային գործարքով ստանձնած պարտավորություններից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում