ԱԺ արտահերթ նիստի հրավիրման համար ստորագրահավաքն ընթացքի մեջ է
ՀՀ ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելու համար նախաձեռնված ստորագրահավաքն ընթացքի մեջ է:
Այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:
Ստորագրահավաքին միացած պատգամավորի թիվը դեռ չի նշվում:
Ավելի վաղ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հայտնել էր, որ հաշվի առնելով Սյունիքում, Գեղարքունիքում և ՀՀ սահմանամերձ գոտիներում ստեղծված ճգնաժամային իրավիճակը, հանդես են գալիս Աժ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ։
Արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի ստորագրությունը:
Մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ են արել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել:
Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից: Ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի զինուժի ներկայացուցիչների կողմից այս պահի դրությամբ հրազենի կամ այլ զինատեսակի կիրառմամբ դեպք չի գրանցվել: Միաժամանակ ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում:
Կարծիքներ