Որևէ մեկիդ չեմ ներելու, եթե Հայկ Մարությանը վերադառնա. Թեհմինա Վարդանյանի վերջին կոշտ ելույթը
Այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը որպես ավագանու անդամ իր վերջին ելույթ ունեցավ ամբիոնից։
Նա քաղաքացիներին կոչ արեց անպայման մասնակցել սեպտեմբերի 17-ին կայանալիք ընտրություններին և որևէ կերպ ձայն չտալ նախկին քաղաքապետ, այժմ քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին։
«Դժվար եմ մոտեցել այս ամբիոնին, 6․5 տարի ելույթ եմ ունեցել այս ամբիոնից, բարձրաձայնել խնդիրները։ Նախևառաջ շնորհակալ եմ բոլոր քաղաքացիներին, որոնք ընտրել են ինձ ու մինչ այսօր գրում են, շատերը անկեղծորեն ցավում են, որ ես այլևս քաղաքապետարանում չեմ լինի: Իհարկե, չգիտես՝ կյանքը ոնց կդասավորվի, գուցեև մի օր վերադառնամ։
Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ նախկին ու ներկա գործընկերներին, ոչ բոլորին. ձևական ու կեղծավոր բաներ ամենևին չեմ անելու։ Ուզում եմ ներողություն խնդրել երբևէ ունեցածս էմոցիոնալ ելույթների համար, բայց ամենևին այս պահին որևէ դրվագի համար չեմ փոշմանում։ Հուսով եմ՝ փոշմանում են «Իմ քայլը» խմբակցության շատ ու շատ ավագանու անդամներ, որովհետև ժամանակին մեզ ականջալուր չեն եղել, որովհետև, ընկերնե՛ր, դուք երեք տարի հետ եք ընկել ձեր ծրագրերից, երեք տարի մենք՝ բոլորս, գործադիրը, զբաղվել է ամուլ աշխատանքներով, ոչ բոլորի աշխատանքն եմ ուզում թերագնահատել, բայց առնվազն երեք ու կես տարի, վերջին մեկ ու կես տարվա ընթացքում արվել է այնչափ աշխատանք, որ երեք ու կես տարվա ընթացքում չի արվել»,- ասաց նա։
Վերջինս նշեց, որ իր ելույթի ժամանակ խոսում է որպես անկախ փորձագետ․ «Քավ լիցի, ես չեմ հոգում, որ ինձ կասեն՝ դու ընդդիմադիր ես, գնում ես, բայց գործող իշխանություններին ես գովերգում, սա ամենևն գովեստ չէ, սա նորմալ է։
Ես ունեցել եմ իմ գործունեության ընթացքում 4 քաղաքապետ և մշտապես եղել եմ ընդդիմադիր ավագանու անդամ, և իրապես մենք թվով քիչ ենք եղել, բայց մեր ելույթները եղել են զսպող, եղել են միանշանակ։ Առնվազն իմ ելույթները եղել են բացառապես Երևանի շահերից բխող, որովհետև պարզ ճշմարտություն կասեմ՝ ես անձնական, նեղ անձնական, նեղ ընտանեկան հարցով որևէ դուռ չեմ բացել, չունեմ սեփական ավտոտնակ, ինձ թույլ եմ տալիս նկատողություններ անել, որոշակի էմոցիաներով խոսել, ու բոլորդ մեղադրում էիք ինձ էմոցիոնալ լինելու մեջ։ Հիմա շատ լրագրողներ ու քաղաքացիներ հարցնում են՝ տիկին Թեհմինա ջան, Թեհմինա, Թեմ ջան՝ ի՞նչ է պատահել, ինչո՞ւ չես խոսում, քո պրոբլեմը Մարությանի անձի հե՞տ էր, հիմա պատասխանում եմ՝ իմ պրոբլեմը ոչ թե Մարությանի հետ էր, այլ քաղաքապետի աթոռին նստած լկտի պահվածք դրսևորող, ամուլ մի մարդու հետ էր, ով սեփական միտումներով, սեփական ծամածռություններով անում էր փոքրիկ շոուներ ու հունից հանում ոչ միայն ընդդիմադիրներին, այլ նաև իշխանական ավագանու անդամներին»։
Վերջինս խնդրեց երևանցիներին, որ սեպտեմբերի 17-ին ցանկացած պարագայում գնան և ընտրություն անեն, բայց ոչ մի կերպ չընտրեն մարդու, ով մշտապես քնած էր քաղաքապետի պաշտոնում։
«Գնացեք ընտրության ու ընտրեք, ընտրեք ոչ միայն ընդդիմության կամ իշխանության միջև, այլ կան լիքը թեկնածուներ, որոնք իրենց համարում են բացառիկ ընդդիմադիր անձինք։ Չգիտենք՝ որտեղից են եկել, ովքեր են, ես քաղաքականապես բավականին հասուն մարդ եմ, բայց շատերին չեմ էլ ճանաչում, ընտրեք արված գործերի արդյունքում կամ թեկուզ սպասվելիք գործերի արդյունքում։
Ոչ թե ընտրեք մարդու, ով այս աթոռին նստած էր, չգիտեմ՝ ինչ բնորոշում տալ, բայց չընտրեն մարդու, ով առնվազն գալիս էր ու քնում էր այստեղ, երրորդ հարկում քաղաքապետը հանգստի լավ սենյակ ունի, այդ մարդը կա՛մ քնած էր, կա՛մ չէր գալիս՝ արձակուրդում էր, դրա մասին խոսում էին նույնիսկ իր բերած փոխքաղաքապետերն ու վարչության պետերը, դրա մասին խոսում են բոլորը։ Շատ ցավում եմ, որ տիկին Աբգարյանը ու Քրիստինա Վարդանյանը, որ գալիս եք ձեր նախընտրական լոզունգով՝ «որովհետև բոլորիս է պետք», ի՞նչ է պետք՝ քնող քաղաքապե՞տ, պե՞տք է քաղաքապետ, ով կարճաժամկետ ծամածռություններ ու մայմունություններ անի։
Շատ պարզ օրինակ՝ Նոր Նորքի երրորդ զանգվածում քանդված շինությունը, որը իր կարճաժամկետ շոու անելու համար, որ ինքը տղա է, շատ կարգին տղա է, գնաց քանդեց, քաղաքապետարանը 600 միլիոն կրվել է դատը, պե՞տք է քաղաքապետ։ Ես նայել եմ ներկայացումը, շատ ողբերգական ներկայացում է, ասում է՝ դհոլը ձեռքիցս վերցրին, այսինքն՝ չշարունակեց քաղաքապետ, ով իր երեխաների քավոր կնքեց, կապվածություն կա աղբամաքրման հիմնարկի ղեկավարի հետ, ում վրա կա քրեական վարույթ, ով լքել է ՀՀ սահմանները, ում կնոջ բոլոր ընկերությունները, չգիտես՝ ինչու, ամեն մեկը մի ՀՈԱԿ էր ղեկավարում, ու ղեկավար ՀՈԱԿ-ների արդյունքում Երևանը անասելի փնթի, անկազմակերպ, ոչ մի թուփ ու ծաղիկ փողոցում չէինք հայտնաբերի, Երևանը աղբի մեջ կորած էր, միլիոնավոր դոլարներ ներդրեց, սարքեց աղբահանության հիմնարկն ու ասում է՝ դե իր ձեռքբերումն է, ով խոսում է ավտոբուսների մասին։ Իրականում մարդ ինչքան էլ ընդդիմություն լինի, ես, անկեղծ, երբ տեսնում եմ նոր ավտոբուսները, ուզում եմ իջնեմ, համբուրեմ»,- նշեց նա։
Ավագանու անդամի խոսքով՝ այդ ավտոբուսների դափնիները Մարությանը փորձում է վերցնել, բայց դրանք տրամադրել է Կառավարությունը։
«Ուզում եմ զգուշացնել, որ որևէ մեկիդ չեմ ներելու, եթե նա վերադառնա որևէ կերպ այս դահլիճ, ես խոսում եմ գնացող ավագանու անդամ ու ապագայում հասարակ քաղաքացի, որևէ մեկիդ չեմ ներելու, որովհետև այս քաղաքը իմ համար թանկ է։ Չեմ գնալու ձեռքերս ծալեմ, ասեմ՝ ով ընտրվի, ընտրվի, ես, մեկ է, այստեղ չեմ: Չէ, որևէ մեկը չի կարա գա ու ասի, որ ես պետք է շարունակեմ այն, ինչ սկսկել եմ։ Բռնության կոչ թող հնչի, ու ես քվե խնդրելու կարիք չունեմ՝ սխալ եք արել՝ այդ դհոլը գլխին պետք է տայիք, ես երեք ու կես տարի ձեզ զգուշացնում էի, ասում էիք՝ չէ, մեր կարգին Հայկոն ա, մեր կարգին տղեն ա։
Ինձ շատ վատ ու տխուր է, բայց դիմում եմ քաղաքացիներին՝ կան մի քանի լավ թեկնածուներ, չեմ խորշի ասել, որ հավակնում եմ իշխանական թեկնածուին ևս, որովհետև գուցե սխալ բան եմ ասում, ու քաղաքացիները կհիասթափվեն, բայց կա Դավիթ Խաժակյան, Տիգրան Ավինյան, Արտակ Զեյնալյան, Երևանը չթողնեք անտեր, չթողնեք ինչ-որ մեկը գա կապիկություն անի, գա ծաղրի այս ժողովրդին, որովհետև դա ծաղր էր ժողովրդի հանդեպ, դրանում մեղավոր եք նաև դուք, մենք։
Ես գնացի»,- ավարտելով ելույթը՝ ասաց Վարդանյանը:
Կարծիքներ